Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական քննությունը: Ամբաստանյալները հանդես եկան իրենց վերջին խոսքերով:
ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն վերջին խոսքում հիշատակեց այս գործով առանցքային մեղադրյալ, «Իգլա» զինատեսակը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնած և այժմ ազատության մեջ գտնվող Հրաչյա Մայիլյանին. «Ինչո՞ւ նա պետք է ազատության մեջ մնա, երբ ես, ով գոնե էս երկրի համար մի բան ա արել, նստի էստեղ»:
Սամվել Բաբայանը նաև անդրադարձավ վերջերս Վրաստանից Հայաստան տեղափոխված Ռոբերտ Աղվանյանին. «Մենք լսեցինք անձի, ով եկավ ասաց, որ հրթիռն իրենն է, որոշել է վաճառել։ Քանի որ գործով այս մարդիկ չկան, պատասխանատվություն չեն կրում, նրանց ցուցմունքները չի կարելի հիմնավոր համարել։ Ես էլ կարող եմ ցուցմունք տալ, որ պետական մեղադրողն ինքն է գողացել այդ հրթիռը: Այն, ինչ մեղադրողն ասում է ենթադրություն է, ես էլ ասում եմ՝ երազ եք տեսել, եկել պատմում եք, ես էլ եմ ենթադրում: Սա սարքած, շինծու գործ է: Հորդորում եմ դադարեցրեք էս «ցիրկը», բավական է: Ես այդ մեղքն ինձ վրա չեմ վերցնի, բոլոր ատյաններով կգնամ, մինչև վերջ»:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ հայտարարեց, որ ինքը նախապես իմացել է, որ իրեն ձերբակալելու են. «Էջմիածնում շտաբ բացելու համար: Ուրիշ բան չկա: Մեղադրողը զրպարտում է ինձ: Ես հազար անգամ ասել եմ, որ հրաժարվել եմ այդ «տրուբան» գնելու, ինչի՞ եք դա կապում ինձ վրա: Ինձ ասել էին, որ կան հաստավիզ մարդիկ, որոնց դուր չի գալիս այդ շտաբը: Հիմա, 2 հատ շտաբ ենք բացել ու մեր ընկերներին օգնել ենք: Իրենք էլ էին ուզում դեպուտատ դառնալ»:
Երբ Գաբրիելյանը կրկին հնչեցրեց միտքը, որ ինքն ավելի շատ բան է արել այս երկրի համար, քան դատախազը, դատավոր Պապոյանը արձագանքեց. «Մի շահարկեք այդ փաստը, մենք բոլորս գիտենք ու խոնարհվում ենք արածի համար»: Գաբրիելյանն էլ արձագանքեց՝ «Էսպե՞ս եք խոնարհվում, պիտի շահարկեմ»:
Սանասար Գաբրիելյանը նշեց նաև, որ Ռոբերտ Աղվանյանը շատերին է առաջարկել այդ զենքը գնել ու ինքն էլ է այդ թվում, բայց մյուսների նման հրաժարվել է. «Խորհրդակցեցի Բաբայանի հետ, ինքը ասեց՝ կարևոր մեխանիզմներ չկան: Էդ զենքը իմ ինչի՞ն էր պետք: Ես ո՞վ եմ, որ իմ հրամանատարը ասի՝ պետք չի, ես ասեմ՝ պետք ա»:
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց: Մեղադրողի բողոքի պատասխանի ժամանակ Սանասար Գաբրիելյանի ինքնազգացողությունը վատացավ, նրա համար շտապօգնություն կանչեցին:
Պարզվեց, որ ամբաստանյալը նորմայից բարձր ճնշում է ունեցել: Դատական նիտը շարունակվեց և մեղադրող դատախազ Արամ Արամյանը հայտարարեց, որ Բաբայանին և մյուսներին առաջադրված պատիժները պետք է մնան անփոփոխ:
Մեղադրողը նշեց, որ բանակին զենք նվիրելու շարժառիթը բացակայում է. «Ինչո՞ւ էին հանցակիցները ցանկանում տանել Ղարաբաղում, կոնկրետ վայրում թաքցնել զենքն ու նկարահանել տեղանքը: Եթե բանակի համար էր, ինչո՞ւ կոնկրետ չի նվիրաբերվել բանակին»:
Արամ Արամյանը նշեց, որ ռազմամթերքից հրաժարվելու վերաբերյալ առկա են ոչ միայն գաղտնալսումներ, այլ նաև ցուցմունքներ, որոնց մեջ նշված է, որ այդ ամենն «ուղղված էր գին գցելուն». «Դատական ակտն օրինական է, հիմնավորված, խնդրում եմ այն թողնել ուժի մեջ»:
Դատականի որոշումը կհրապարակվի փետրվարի 27-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։
Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարեն Քոչարյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, սակայն պայմանականորեն չկիրառելով՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Անդրանիկ Քոչարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով և սահմանվել փորձաշրջան 2 տարի ժամկետով։
Ժորա Զաքարյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ պայմանականորեն չկիրառելով և փորձաշրջան սահշանել երկու տարի ժամկետով։
Դավիթ Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ ևս սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Եվգենյա Համբարձումյան