Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ սեպտեբերի 25-ին շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը, հետազոտվեցին գործով իրեղեն ապացույցներ։
Դատարան բերվեց «Իգլա» տեսակի հրթիռը, կեղծ թղթադրամները և քիմիական նյութերով շշերը, որոնցով մշակվել են թղթադրամները: Ապացույցներից ներկայացվեց նաև «Սամսունգ» տեսակի պլանշետ-համակարգիչը, որով նկարել էին հրթիռը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի բուկլետի հետ միասին:
Սամվել Բաբայանը հայտարարեց, որ զենքը վտանգ ներկայացնել չի կարող, քանի որ պակասում է զենքի մարտկոցը:
Ամբաստանյալ Ժորա Զաքարյանը, ում տնից հայտնաբերել էին քիմիական նյութերը, հայտարարեց, որ դատարանում որպես ապացույց ներկայացված նյութերը իրենը չեն: Նրա խոսքով, իրավապահները այլ շշեր են հայտնաբերել իր տնից:
Ապացույցների զննությունից հետո դատարանն անցավ փաստաթղթերի հետազոտությանը, որի ժամանակ նախագահող դատավոր Արշակ Վարդանյան հայտարարեց, որ Ռոբերտ Աղվանյանը հետախուզման մեջ է:
Այդ հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը հայտարարություն արեց․ «Բոլոր հաղորդումներով ցույց են տվել, որ Ռոբերտին բռնել են, հիմա ասում եք՝ հետախուզման մեջ է: Դա ո՞նց եղավ: Ով էդ զենքը բերել ա, ով փոխադրել ա, դրանց չեք բռնել, մենք ենք ստեղ նստած»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Եվգենյա Համբարձումյան