Քննարկման համար հանձնաժողովում ընդգրկված էր երկու նախագիծ

Այսօր Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հեղինակներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի, Իշխան Խաչատրյանի, Կարեն Բոթոյանի առաջարկով հետաձգվեց մինչև մեկ տարի ժամկետով:

 

Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Բաբայանի ներկայացրած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերում նախատեսում են փոփոխություն կատարել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 6-ի երրորդ պարբերությունում: Ըստ գործող նորմի` Պետությունը սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում հաշվառված և վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով` անվճար նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված կարգով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը միայն սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի քաղաքացիների համար:

 

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի կարծիքով այս նորմում առաջացել է տառընթերցման մեկնաբանության խնդիր: «Կառավարությունը որոշ դեպքերում սահմանամերձը և բարձր լեռնայինը իր կարգերում մեկնաբանում է` իբրև տվյալ անձը պետք է լինի և’ սահմանամերձ համայնքի, և’ բարձր լեռնային համայնքի բնակիչ: Մենք առաջարկում են խմբագրական փոփոխություն, որ «սահմանամերձ և բարձր լեռնային»-ը դառնա «սահմանամերձ, ինչպես նաև բարձր լեռնային», որպեսզի հստակ տարանջատվեն և երկու կատեգորիայի քաղաքացիների վրա էլ տարածվի»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծերի փաթեթին:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել