Դատական օրենսգիրքը 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունվեց

Այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային  ժողովում քվերակության են դրվել նախորդ նիստին քննարկված օրենքի նախագծերը:

Այսպիսով՝ կառավարության ներկայացված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ 88 կողմ,  9 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած «Ոստիկանության մասին»  օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 61 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

«Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը խոհրդարանում հայտարարեց, որ այս նախագիծը  միջամտություն է մարդու անձնական կյանքին. «Այն դեմ է ժողովրդավարությանը: Մենք դեմ ենք քվերակելու»:

Կառավարության ներկայացրած «Էներգետիկայի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 90 կողմ, 9 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Աղվան Վարդանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հրայր Թովմասյանի, Վարդևան Գրիգորյանի, Մանե Թանդիլյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուստամ Մախմուդյանի, Շուշան Սարդարյանի, Սերգեյ Բագրատյանի, Արման Սաղաթելյանի, Միհրան Հակոբյանի, Ջեմմա Բաղդասարյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում, ինչպես նաև «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 98 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Գորգիսյանի, Արտակ Զեյնալյանի հեղնիակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 99 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Կառավարության ներկայացրած «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 98 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի և Խոսրով Հարությունյանի հեղինակած  «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ, սակայն քվերակության դրվեց նաև այն 24 ժամվա ընթացքում նորից քննարկելու և այն ընդունելու մասին որոշումը, որը նույնպես ընդունվեց 70 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայնով:

Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 89 կողմ, 9 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը նույնպես դրվեց քվերակության և քանի որ այն Սահմանադրական օրենք էր, պետք է ընդունվեր պատգամավորների առնվազն 3/5 կողմից:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ չնայած խմբակցության պատգամավորների մեջ տարակարծություններ կային նախագծի վերաբերյալ, այնուամենայնիվ օրենքի փոփոխությունները դրական են համարում. ««Ծառուկյան» խմբակցությունը կքվեարկի ազատ»:

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ  «Ելք»-ը դեմ է քվեարկելու, քանի որ ապահովված չէ դատավորների ներքին անկախությունը. «Դատավորը իր արդարադատական ֆունկցիայի համար պատասխանատվության ենթարկվել չի կարող, իսկ դատական ակտը կարող է վերաքննության առարկա դառնալ բացառությամբ վերաքննության կարգով: Իսկ եթե ՄԻԵԴ-ը արձանագրում է կոնվենցիայի խախտում, ապա պատասխանատվություն պետք է կրեն բոլոր դատավորները՝ առաջին ատյանից միչև վճռաբեկ դատարանները: Այդ դեպքում պատասխանատվության պետք է ենթարկվի արդարադատության նախարարը, ինչպես նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը»: Օրինագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ  ընդունվեց՝ 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունվեց:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել