Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ փաստաբանների դժգոհությունն առաջացրած դատական սանկցիաների շարքից հանվել են դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումները։
«Օրերս ձեզ կներկայացնենք Դատավարության օրենսգրքում կատարվող փոփոխությունները։ Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ մենք որոշեցինք դատական տուգանքները հանել դատական օրենսգրքի նախագծից ու տեղափոխել դատավարական օրենսգիրք։ Բանն այն է, որ նմանատիպ միջոցները, իհարկե, կոշտ միջոցներ են, կարող է պատահի, որ պրակտիկան ցույց տա, որ մենք այդտեղ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք, ինչը սահմանադրական օրենքի մակարդակով կարգավորելու դեպքում շատ ավելի դժվար կլինի անել, քան եթե մենք դա կարգավորենք Դատավարական օրենսգրքում», – նշեց նախարարը։
Նա նշեց, որ քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության մասին օրենսգրքերում նախատեսվում են փոփոխություններ:
Հիշեցնենք, որ այս նախագիծը առաջացրել էր փաստաբանների դժգոհությունը, քանի որ դատական նոր օրենսգրքով դատավորը կարող էր պատժել փաստաբանին՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: