Դեկտեմբերի 29-ին ամփոփվեցին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում վերջին մեկ տարում կատարված աշխատանքները:
Նշենք, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և դրանց հասնելուն ուղղված կատարված աշխատանքները:
Մասնավորապես, նա նշեց, որ իրականացվել են դասընթացներ քաղհասարակության ներկայացուցիչների համար «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ: Տրամադրվել է անվճար խորհրդատվություն և աջակցություն՝ ՀԿ-ների կանոնադրությունը օրենքին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Կազմակերպվել են մի շարք քննարկումներ իրավաբանական անձանց միությունների վերաբերյալ նոր օրենսդրությունից բխող խնդիրների, կամավորական ինստիտուտի, ՀԿ-ների ձեռնարկատաիրական գործունեության խրթին կարգավորումների վերաբերյալ, և այլն: Այս հարցերի վերաբերյալ համագործակցություն է սկսվել ծրագիրն իրականացնող կազմակերպությունների և պետեկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության միջև: Նախատեսվում է համագործակցության արդյունքում ունենալ ավելի բարենպաս պայմաններ ապահովող օրենսդրություն:
Այս տարվա ընթացքում մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանում ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիրը: Արդեն իսկ 58 ՔՀԿ ներկայացուցիչ ավարտել է կրթական ծրագիրը և ստացել հավաստագիր: Նախատեսվում է, որ, ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում այս դասընթացին մասնակցելու է 120 ՔՀԿ ներկայացուցիչ:
Այս դասընթացները շարունակական են լինելու նաև ծրագրի ավարտից հետո, և ՔՀԿ ներկայացուցիչներն արդեն իսկ վճարովի հիմունքներով կարող են մասնակցել դրան:
Հանդիպմանը քննարկվեցին նաև ծրագրի շրջանակներում կատարվլիք հետագա աշխատանքները: