2017-ին շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան

2017 թվականի ընթացքում շուրջ 100 տոկոսով ավելացել է ավտոմեքենաների ներկրումը հանրապետություն: «Տարեսկզբից մինչ այսօր ներմուծվել է  32 500 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 23.5 միլիարդ դրամի մուտքեր: Ցուցանիշը 15 649-ով գերազանցել է 2016-ի արդյունքը. մասնավորապես, նախորդ տարի  ներկրվել է 16 851 մեքենա՝ 14 միլիարդ դրամի դիմաց:  Աճը հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաները գործարքի գնի մեթոդով ձևակերպելու գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահության մեծացմամբ»,-տեղեկացրել է ՊԵԿ ԱՄՎ պետի տեղակալ Բաբկեն Ղազարյանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով, ըստ Բաբկեն Ղազարյանի, 2016 թվականի նոյեմբերից վերանայվել է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, ուսումնասիրվել են միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գները: Արդյունքում, դեռ 2016-ի նոյեմբերին ավտոմաքսատանը ստեղծվել էր տեղեկատվական կենտրոն, որտեղ  համապատասխան աշխատակիցը՝ մեքենայի սեփականատիրոջ հետ, համակարգիչների միջոցով համատեղ դիտարկում են, վերլուծում և մոնիթորինգի ենթարկում ներմուծված ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: «Փաստաթղթերի արժանահավատության դեպքում հիմք են ընդունվում քաղաքացու ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով: Նման աշխատաոճով ստույգ որոշվում է մաքսային արժեքը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային, վստահելի և կանխատեսելի: Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների շուրջ 65 տոկոսը կատարվել է գործարքի գնի մեթոդով: Նման ցուցանիշը նշանակում  է, որ տեղեկատվական կենտրոնի գործարկումը նպաստել է ներկրումների կտրուկ աճին և գործընթացի արդյունավետության բարձրացմանը, ինչի արդյունքում էլ ընթացակարգն ընդունվել ու լայն արձագանք է ստացել քաղաքացիների կողմից»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում դյուրացվել է նաև գործարքի գնի մեթոդով թույլտվության կարգը. ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, եթե նախկինում գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվությունը տրվում էր վերադաս մաքսային մարմնի կողմից, ապա այժմ քաղաքացին միանգամից դիմում է մաքսատուն՝ փաստաթղթերի արժանահավատության դեպքում կատարում մաքսային ձևակերպումները»:

Բաբկեն Ղազարյանի դիտարկմամբ՝ երկրորդ հանգամանքը, որով պայմանավորված է ավտոմեքենաների ներկրումների շուրջ 100 տոկոս աճը՝ տնտեսության աշխուժացումն է և բնակչության գնողունակության բարձրացումը. «Ներկրումների գերակշիռ մասը միջին դասի մեքենաներ են: Երրորդ հանգամանքը պայմանավորված է ԵԱՏՄ գործոնով: Այս տարվա ընթացքում ներկրված 32 500 ավտոմեքենաների 20 տոկոսը Հայաստանից արտահանվել է ԵԱՏՄ տարածք: Մեքենաների շուրջ 60 տոկոսը բերվել է Ճապոնիայից: Դա նշանակում է, որ քաղաքացիները, օգտվելով անդամակցությունից, առավել նպաստավոր պայմաններով մեքենաներն իրացնում են ԵԱՏՄ շուկաներում»:

Ընթացակարգերի դյուրինացմանն ու սպասարկման որակի բարելավմանն  ուղղված միջոցառումների արդյունքում կառույցում այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն անվճար է մատուցվում: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես իրականացվում է այստեղ, այնինչ նախկինում ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն,  որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: Ըստ Բաբկեն Ղազարյանի, նորույթներից է նաև այն, որ ավտոմեքենաների բեռնարկղային ներկրումների ձևակերպումներն իրականացվում են առանձնացված ուղիով. «Այդ նպատակով կառույցում գործում է ռենտգեն զննման սարքավորումներով հագեցած հատուկ մասնագիտացված տարածք, որտեղ իրականացվում է նաև մեքենաների զննությունը»:

Կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, այստեղ փոփոխությունները և նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով և հուշաթերթիկներով: Մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված հարցերի վերաբերյալ քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն ստանում են նաև հեռախոսազանգերի միջոցով: Վերջին շրջանում ավելացել է էլեկտրոնային հարցումների քանակը՝ Վրաստանից, Ռուսաստանից: Բաբկեն Ղազարյանի հավաստմամբ՝ մասնագետները եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները, ինչի արդյունքում Հայաստանում ևս նվազել է մի շարք ավտոմեքենաների մաքսային արժեքը: Մասնավորապես ALPHARD(TOYOTA)` 30 տոկոսով, B դասի MERCEDES` 20 տոկոսով, SIENTA(TOYOTA)` 15 տոկոսով և SERENA(NISSAN)` 15 տոկոսով: 2018-ին ևս սպասվում է որոշ մոդելների գների նվազում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել