ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ավտոմատացրել է բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ներկայացման գործընթացը՝ նպաստելով ոլորտային բիզնեսի աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը: Կատարված բարեփոխումներն այսօր ՊԵԿ-ում ներկայացվել են հարկ վճարողներին և շահագրգիռ կողմերին: Ներդրված համակարգը թե՛ հարկային մարմնին, թե՛ ՀՀ բնապահպանության նախարարությանը վարչարարության կազմակերպումը էլեկտրոնային կառավարման դաշտ տեղափոխելու հնարավորություն է տվել: Փոփոխություններով պայմանավորված՝ 2017թ. հոկտեմբերից հարկ վճարողն այլևս ստիպված չի լինելու հաշվարկ-հաշվետվությունը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը ներկայացնել լիազոր մարմին, այնուհետև 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնել հարկային մարմին, փոխարենն այսուհետ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի petekamutner.am միջոցով հարկ վճարողը հաշվարկ-հաշվետվությունը կարող է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: «Համոզված եմ, որ այս բարեփոխումն էապես կրճատելու է հաշվարկ-հաշվետվություների ներկայացման ժամանակահատվածը՝ բիզնեսի համար առավել հարմարավետ միջավայրում աշխատելու հնարավորություն ստեղծելով»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում ինքնաշխատ եղանակով հարկ վճարողին ներկայացվում է հաշվարկ-հաշվետվության ստացումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցում: Հարկային մարմինը հաշվարկ-հաշվետվությունը (այդ թվում` ճշտված) ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ներկայացնում է ՀՀ բնապահպանության նախարարություն, որը, ճշգրտման անհրաժեշտության դեպքում, եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է վճարողին: