Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում կատարել առկա բրնձի խմբաքանակից: Այն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության. մինչ այդ՝ խանութում եղած ողջ խմբաքանակի իրացումը կասեցվել է:
Միաժամանակ, Ծառայությունը, հետագծելիությունն ապահովելու նպատակով, դիտարկում է իրականացրել նաև ներմուծող կազմակերպությունում՝ «Արմեն-Համիկ» ՍՊԸ-ում: Պահեստից հայտնաբերվել է 130 կգ բրինձ, որից նույնպես նմուշ է ուղարկվել լաբորատոր փորձաքննության: Այս խմբաքանակի իրացումը ևս կասեցվել է՝ մինչև արդյունքների պարզ լինելը:
Ծառայությունը նաև հավաստիացել է, որ այս ապրանքատեսակն ուղեկցվել է ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագրով:
Փորձաքննության է ուղարկվել նաև նույն փողոցի 25/5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում վաճառվող պամելոներից նմուշ. արդյունքները կհրապարակվեն: