Կվավերացվի ՀՀ-ի և Տաջիկստանի միջև քաղաքացիների փոխադարձ այցելություն­ների մասին համաձայնագիրը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  2017 թվականի հունիսի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետու­թյան կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելություն­ների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Համաձայնագրի համաձայն՝ կողմերի պետությունների քաղաքացիները արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 (վեց) ամսվա ընթացքում 90 (իննսուն) օրը չգերազանցող ժամկետով` հաշված մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից:

Կողմերից մեկի պետության այն քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են մյուս Կողմի պետության տարածքում, ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 (երեսուն) օրվա ընթացքում գրանցման (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից, եթե Կողմերի պետությունների օրենսդրությամբ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:

Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված ժամանակավորապես գտնվելու ժամկետը հաշվարկվում է մի Կողմի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելու ամսաթվից, որը հաստատվում է մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելիս սահմանային հսկողության մարմինների կողմից դրված նշումով:

Կողմերից մեկի պետության քաղաքացու՝ մյուս Կողմի պետության տարածքում 30 (երեսուն) օրից ավել կամ Կողմերի պետությունների ազգային օրենսդրությամբ սահմանված ավելի երկար ժամկետով գտնվելու դեպքում քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ կանգնել հաշվառման) մուտքի պետության իրավասու մարմիններում՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել մյուս Կողմի պետության տարածքում արտասահման մեկնելու համար վավեր հետևյալ փաստաթղթերով.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝

-կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող դիվանագիտական անձնագիր,

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող անձնագիր,

-դիվանագիտական անձնագիր,

-Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (օտարերկրյա պետություններում վավերականության նշումով),

-Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար).

Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիների համար՝

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող դիվանագիտական անձնագիր,

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ծառայողական անձնագիր,

-տեղեկատվության էլեկտրոնային կրիչ պարունակող ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր,

-1998 թվականի նմուշի դիվանագիտական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-1998 թվականի նմուշի ծառայողական անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-1998 թվականի նմուշի ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագիր (մինչև վավերականության ժամկետի ավարտը),

-16 տարին չլրացած երեխայի ծննդյան վկայական (ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի արտասահմանյան անձնագրում նշում լինելու դեպքում),

-Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Տաջիկստանի Հանրապետություն վերադարձի համար):

Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման հետ միաժամանակ փոխանակում են արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի նմուշները:

Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն գործող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու մասին և կփոխանակեն դրանց նմուշները ոչ ուշ, քան դրանք գործողության մեջ դնելուց 30 (երեսուն) օր առաջ:

Արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի ցանկի փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով նախատեսված առանձին արձանագրություններով:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները մուտք են գործում, դուրս են գալիս, տարանցմամբ անցնում են մյուս Կողմի պետության տարածքով միջազգային հաղորդակցության համար բաց սահմանային անցակետերով:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու ժամանակ պարտավոր են պահպանել գտնվելու պետության օրենսդրությունը:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները, ովքեր խախտել են մյուս Կողմի պետության օրենսդրությունը դրա տարածքում գտնվելու ընթացքում, պատասխանատվություն են կրում գտնվելու պետության օրենսդրությանը համապատասխան:

Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերի իրավունքները` մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը մերժելու կամ գտնվելու ժամկետը կրճատելու համար, որոնց ներկայությունն իրենց պետությունների տարածքներում համարվում է անցանկալի:

Կողմերից մեկի պետության քաղաքացիները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում կորցրել են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածում նշված փաստաթղթերը, պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնեն գտնվելու պետության իրավասու մարմիններին, որոնք կտրամադրեն փաստաթղթերը կորցնելու մասին դիմելու փաստը հաստատող տեղեկանք:

Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված անձանց տալիս են իրենց քաղաքացիության պետություն վերադարձի վկայական:

Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց կտեղեկացնեն մուտքի, գտնվելու և ելքի պայմանների փոփոխությունների մասին ոչ ուշ, քան այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ:

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, կազմում են դրա անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածին համապատասխան:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կատարման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ իր պետության բնակչության առողջության պաշտպանության ապահովման համար:

Նման միջոցառումներ ձեռնարկելու կամ դադարեցնելու մասին Կողմերն անհապաղ ծանուցում են միմյանց ոչ ուշ, քան նման որոշում կայացնելուց 72 ժամ առաջ:

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 (երեսուն) օր լրանալուց հետո:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին ծանուցելով մյուս Կողմին: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է այդպիսի ծանուցումն ստանալու օրվանից 90 (իննսուն) օրը լրանալուց հետո:

Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հունիսի 14-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, տաջկերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել