Ոստիկանությունն իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:

Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Տեղեկությունների հավաքումը տեխնիկական միջոցներով քաղաքացիների մոտ հաճախ տարակուսանքի և դժգոհության առիթ է տալիս, մասնավորապես` մարդկանց անհանգստացնում է հավաքված տեղեկությունների պահպանման և հետագա օգտագործման վերաբերյալ օրենսդրական բացերի առկայությունը: Հաշվի առնելով, որ հասարակական անվտանգության պահպանման ոլորտը հասարակական կարգի այն ենթահամակարգերից է, որտեղ ամենաշատն է ոստիկանության շփումը քաղաքացիների հետ, խնդիրն էլ ավելի արդիական է դառնում:

Նշված խնդրի լուծման նպատակով նախապատրաստված օրինագծով ոստիկանությանը հնարավորություն կտրվի ապահովել օրինականության բարձր մակարդակ հանցագործությունների դեմ պայքարի և հասարակական կարգի, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառներում: Մասնավորապես, օրենքի մակարդակով կհստակեցվեն տեխնիկական միջոցներով հավաքված տեղեկությունների պահպանման նվազագույն և առավելագույն ժամկետները, կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման վերաբերյալ պարտադիր նախազգուշացման պարտականությունը և նախազգուշացման ձևերը, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն` կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: Նշված հարաբերությունները մինչ օրս օրենքի մակարդակով ամրագրում չէին ստացել:

Ելնելով վերոնշյալից` նախագծի ընդունումն առաջարկվում է անհետաձգելի համարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել