ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռևս 09.06.2012թ.-ին քրեական գործ է հարուցվել փաստաթղթեր կեղծելու, խաբեությամբ ուրիշի գույքը հափշտակելու և հափշտակության փորձ կատարելու, ինչպես նաև դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ:
Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու համար Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության նախկին ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը միջնորդ Արթուր Ղուկասյանի միջոցով 9.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել Ս. Ափոյանից: Մասնավորապես, 2012 թվականի սեպտեմբերի 3-ին և 4-ին ավագ դատախազն անձամբ` միջնորդի միջոցով Ս. Ափոյանից մաս-մաս ստացել է համապատասխանաբար 8.000 և 1.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Հիշյալ ծանր հանցանքը կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար Խ. Բաղդասարյանը 10.09.2012թ.-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, սակայն քննությունից թաքնվելու հիմքով վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որից հետո նշված քրեական գործով վարույթը կասեցվել է մինչև հետախուզվող մեղադրյալի հայտնաբերումը:
Խ. Բաղդասարյանը հայտնաբերվել է Ուկրաինայի իրավապահ մարմինների կողմից և 2017 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել Հայաստան: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել հետախուզվողին հայտնաբերելու հիմքով քրեական գործի վարույթը վերսկսելու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: 25.11.2017թ.-ին ավագ դատախազի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերահաստատվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: