Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ավարտվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը, սկսվեց դատական վիճաբանության փուլը։ Դատախազ Արամ Արամյանը կարդաց մեղադրական ճառը
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը: Մասնավորապես, նշվել է «Իգլա» զենիթահրթիռային համալիրի ձեռքբերումը:
Մեղադրական ճառի համաձայն՝ 2016 թվականի հուլիսին Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող Sիգրան Հովհաննիսյանի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված «եվրո» թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:
Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, Տիգրան Հովհաննիսյանի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:
Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվայի բնակիչ Մարատ Նալբանդյանիիմիջոցով Sիգրան Հովհաննիսյանի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար (այս դրվագը համարվում է գործում որպես իրեղեն ապացույց):
Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
2017 թվականի մարտի 22-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր:
Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատի մեկ այլ բնակիչ Ռոբերտ Աղվանյանի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու վերաբերյալ:
2017 թվականի մարտ ամսին Ռոբերտ Աղվանյանը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն Հայաստան է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատում գտնվող իր ավտոտնակում, այնուհետև Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:
Գործով ապացույց է համարվել 2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանի կողմից հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրելու հանգամանքն Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու և դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է:
Նա իր խոսքում նշեց, որ ամբաստանյալների մեղավորությունն ապացուցվել է նախաքննության և դատաքննության ընթացքում և միջնորդեց դատարանին՝
Դավիթ Հարությունյանին մեղավոր ճանաչել և նշանակել 2 տարի ազատազրկման ժամկետով,
Ժորա Զաքարյանին մեղավոր ճանաչել և նշանակել պատիժ 2 տարի ժամկետով,
Անդրանիկ Քոչարյանին մեղավոր ճանաչել և նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով,
Կարեն Քոչարյանին մեղավոր ճանաչել և պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով,
Արմեն Պողոսյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 3 տարի ժամկետով, ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ,
Սանասար Գաբրիելյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 4 տարի ժամկետով, ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ,
Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել և պատիժ նշանակել 7 տարվա ազատազրկում:
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net