Դատարանի անկախ լինելը պայմանավորված է հենց դատավորի անկախությամբ. Արմեն Ֆերոյան

Արմեն Ֆերոյանը 5 տարի է, ինչ ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը:  Նա մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում:

2008 -2010թթ-ին սովորել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում,  ունի իրավաբանի որակավորում, մագիստրոս: Եղել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական: Իսկ 2007-ից 2009թթ. աշխատել է  Երևանի քրեական դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար:

Այժմ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավարն է: Իրավաբան.net-ի հետ զրույցում Արմեն Ֆերոյանը նշում է, որ փաստաբան դառնալն իր համար նպատակ է եղել, որն իրականացրել է: Նրա հետ զրուցել ենք «Մեր փաստաբանները» շարքի շրջանակում:

-Պարեն Ֆերոյան, ինչո՞ւ ընտրեցիք քրեական իրավունքի ոլորտը:

-Քրեականա իրավունքի ոլորտը ինձ համար եղել է միշտ շատ հոգեհարազատ դեռևս ուսանողական տարիներից: Ու ես իմ հետագա զարգացումը տեսնում էի այդ ոլորտում: Մինչև փաստաբան դառնալս ես հենց քրեական իրավունքի ոլորտում եմ գործել, թեև քաղաքացիական իրավունքի հետ էլ եմ առնչվում՝ ավելի շատ գիտական տեսանկյունից: Ինձ համար շատ սիրելի ու հետաքրքրական է այս ոլորտը:

-Երբևէ հիասթափվել կամ զղջացել եք, որ հենց այս ոլորտն եք ընտրել:

-Մինչև փաստաբան դառնալը փաստաբանական գործունեության վերաբերյալ իմ պատկերացումները չէին կարող ամբողջական լինել, բայց փաստաբան դառնալուց հետո ես հասկացա, որ իրոք գտել եմ իմ աշխատանքը, որը ես ամենաշատն եմ սիրում, ու մեծ նվիրումով եմ աշխատում: Ուսանողական տարիներին ես չէի հասկանում, թե փաստաբանի աշխատանքը ինչ դժվարին, ծանր ու շատ պատասխանտու աշխատանք է, բայց միևնույն է, այն աշխարհի ամենալավ աշխատանքներից մեկն է:

– Ձեր պաշտպանյալի ապագայի նկատմամբ պատասխանատվություն զգո՞ւմ եք: 

-Իհարկե, պատասխանատվությունը մեծ է: Ամեն դեպքում, յուրաքանչյուր գործով նախ ուսումնասիրում եմ գործի հանգամանքները, պարզաբանում եմ դրանք իմ վստահորդին, այնուհետև վստահորդի համաձայնությունը ստանալուց հետո, մշակված փաստաբանական տակտիկայի, ռազմավարության շրջանակներում իրականացնում եմ այդ մարդու շահերի պաշտպանությունը: Այսինքն, այնպես չէ, որ պաշտպանյալը չգիտի, թե դու ինչ ձևով ես պատրաստվում նրա շահերը պաշտպանել: Վախ չկա, քանի որ եթե մենք վախերով առաջնորդվենք, չենք կարողանա արժանի կերպով շահերի պաշտպանություն իրականացնել: Փաստաբանի դերը վստահորդին այս կամ այն իրավիճակի դրական և բացասական կողմերի ներկայացնելն է, իսկ վերջնական որոշումները, ըստ էության, կատարում են մեր վստահորդները:

-Այս ամենը, հավանաբար, բավականին ժամանակ է պահանջում: Ընտանիքի համար ժամանակ մնու՞մ է: 

-Կինս միշտ դժգոհում է, եթե անկեղծ լինեմ: Ասում է՝ քիչ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս, բայց աշխատում եմ այդ բացը լրացնել մեր հանգստյան օրերին: Սակայն փաստաբանի գործունեությունը այնպիսին է, որ այդ հանգստյան օրերն էլ շատ հաճախ այդքան էլ հանգիստ չեն լինում, քանի որ մեր վստահորդները հանդիպումներ են փնտրում ոչ աշխատանքային օրերին, կամ հենց քրեական գործերով՝ գիշերը: Ու մի քիչ դժվար է ասել՝ գիտեք ինչ կա, ես այս օրը պետք է իմ ընտանիքի հետ անցկացնեմ:

-Արդեն հինգ տարի է՝ զբաղվում եք փաստաբանական գործունեությամբ: Ոլորտում ի՞նչ խնդիրներ եք տեսնում Դուք:

-Ոլորտը ունի մի շարք խնդիրներ, բայց կնշեմ նրանք, որոնց ես ամենաշատն եմ հանդիպում: Օրինակ, ես չեմ հասկանում, թե Վճռաբեկ դատարանը ինչ սկզբունքով է այս կամ այն գործը իր վարույթ ընդունում, իսկ որ դեպքերում մերժում: Դա անկանխատեսելի է դարձել: Թեև օրենսդրական կարգավորումներ արեցին այս հարցի վերաբերյալ, սակայն միևնույն է, Վճռաբեկ դատարանը այսօր խնդրահարույց դատական ատյան է: Բայց քրեական իրավունքի ոլորտը գնալով իր կանոնակարգումներն է ստանում ու հատկապես Վերաքննիչ քրեական դատարանի կատարված հայտնի փոփոխություններից հետո: Այսօր փաստաբանների մեծամասնությունը Վերաքննիչ քրեական դատարանի հետ շատ մեծ հույսեր է կապում, ինչը ես չէի կարող ասել 3-4 տարի առաջ: Այն ժամանակ հաճախ միայն ներպետական դատական ատյանները սպառելու համար էինք դիմում վերաքննիչ, հետագայում ՄԻԵԴ դիմելու համար: Հույս չէինք ունենում, որ Վերաքննիչ դատարանը ինչ-որ բան կփոխի, բայց այսօր մենք մեր ամենամեծ հույսը կապում ենք հենց այս դատարանի հետ:

-Ամիսներ առաջ ապօրինի զննությունների դեմ գործադուլ հայտարարած փաստաբանների թիվը հասնում էր 180-ի, սակայն Դուք նրանց թվում չէիք: Ինչո՞ւ:

-Իմ մոտեցումներն այդ հարցի հետ կապված մի փոքր տարբերվում են: Իմ գործընկերները դա ընդունում են որպես խուզարկություն, ես՝ զննություն: Երկաթորսիչով զննում են ու ինչ-որ ազդանշանի դեպքում խնդրում են ներկայացնել այդ իրը: Բոլոր տեղերում էլ այդպիսի գործողություն իրականացնում են: Դա ուղղված է անվտանգության ապահովմանը, և ես չեմ կարծում, որ դրանից փաստաբանի հեղինակությունը, բարի համբավը ինչ-որ ձևով ոտնահարվում են:

-Ձեր կարծիքով՝ գործադուլը արդարացվա՞ծ էր, թե ՝ ոչ:

-Եթե իմ գործընկերներն են արել, ուրեմն արդարացված է: Ես չեմ կարող ինձ իրավունք վերապահել ու ասել, թե՝ ոչ, դա արդարացված չէ: Մեկ այլ բան է, որ ես չեմ մասնակցել:

-Պարոն Ֆերոյան, գործեր կան, որ տարիներ են տևում: Ինչպիսի՞ հարաբերություններ եք պահպանում Ձեր վստահորդների հետ:

-Բոլորի հետ հարաբերությունները նորմալ են լինում, նույնիսկ դեպքեր են լինում, որ այդ հարաբերությունները վերածվում են ընկերության: Գործի ընթացքում այդ հարաբերությունները երբևէ ինձ չեն խանգարել, որպեսզի ես ավելի արդյունավետ ներկայացնեմ վերջիններիս շահերը:

-Դատական համակարգը, ըստ Ձեզ, ներկայումս անկա՞խ է:

-Դատական համակարգը գնում է անկախացման: 2-3 տարի առաջ մենք շատ դեպքերի էինք հանդիպում, երբ դատարանը պետք է օբյեկտիվ գտնվեր ու արդարացներ ամբաստանյալին, բայց դատարանը մտածում է, թե չէ, եթե արդարացնի, ապա դատախազն իրենից կնեղանա, ու մենք այդ մոտեցումը հասկանում էինք: Այս հարցը շեշտակի լուծում ստացավ իմ նշած Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, որտեղ ընդհանրապես կապ չունի, թե դատախազն ով է, մյուս կողմն ով է: Եթե ներկայացված է հիմնավորված ու պատճառաբանված վերաքննիչ բողոք, ապա ներկայացված բողոքների մեծ մասի վերաբերյալ ընդունվում են արդար որոշումներ: Իմ պատասխանն է, որ դատարանները, նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած, ավելի անկախ են:

-Ըստ Ձեզ, Դատական օրենսգիրքը նպաստո՞ւմ է դրան:

-Որքան էլ խոսեն Սահմանադրության, օրենքների մասին, միևնույն է,  յուրաքանչյուր դատարանի անկախություն պայմանավորված է տվյալ դատավորով: Եթե դատավորը ինքն իրեն «կոմպլեքսավորեց», այ այդտեղից էլ կսկսվի դատավորի կախվածությունը: Պետք է լինել օբյեկտիվ և ունենալ համարձակություն: Եթե մարդ կամքի ուժ չունեցավ, ապա օրենքի մեջ ինչ ուզում ես գրի, մեկ է՝ չի գործելու: Հետևաբար, մեր դատավորները, հատկապես քրեական ոլորտի, պետք է լինեն հատընտիր դատավորները:

-Խնդրում եմ, կնշե՞ք լավագույն դատավորներին: 

-Լավագույները բոլորին են հայտնի: Օրինակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը՝ Վազգեն Ռշտունին, որը ուղղակի շեշտակի փոփոխություններ մտցրեց քրեական արդարադատության ոլորտում: Ինչպես նաև Մխիթար Պապոյանը, Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Բալայանը: Եթե Շենգավիթի դատարան գործ գնաց, Աստված ենք կանչում, որ այդ գործն ընկնի Դավիթ Բալայանի մոտ մոտ: Առաջ եթե մենք մի ձեռքի վրա կարող էինք հաշվել այդ լավ դատավորներին, ապա այսօր նրանց թիվը մեծացել է, բայց էլի այդ լավ դատավորների կողքին չենք կարող չնշել ոչ անկախ դատավորների: Եթե Վճռաբեկ դատարանում էլ փոփոխություններ լինեն, ապա դատավորների անկախությունը շատ ավելի տեսանելի կլինի:

-Ի՞նչ անընդունելի բաներ եք նկատում  մեր ժամանակի փաստաբանների աշխատանքում:

-Ես գտնում եմ, որ փաստաբանն ինչ էլ անում է, եթե չկա խորհրդի որոշում, ուրեմն նա ճիշտ է անում: Ու ճիշտ է, որ փաստաբանը այս կամ այն պաշտոնյային, այս կամ այն իրավիճակը ենթարկի սուր քննադատության: Ի վերջո, փաստաբանի զենքը նրա քննադատելու կարողությունն է: Եթե զրկենք փաստաբանին քննադատելուց, ապա չենք կարողանա էլ խոսել արդյունավետ փաստաբանության մասին, ինչը կիրականացվի այս Դատական օրենսգրքի նախագծով: Փաստաբանի նկատմամբ տուգանք են նախատեսում: Օրինակ՝ դատավորն ընդունել է դատավճիռ ու ես, շատ սուր քննադատության ենթարկելո, վերաքննիչ բողոք եմ տարել:  Մեկ այլ գործով ես այդ նույն դատավորի մոտ գործ ունեցա, նա ամեն մի բառից հետո կասի՝ դու լավ չարտահայտվեցիր դատավորի հասցեին ու քո նկատմամբ տուգանք եմ կիրառում:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել