Ի՞նչ կարողություն ունեն Երևանի վարչական շրջաններից 4-ի ղեկավարները

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել Երևանի 12 վարչական շրջաններից հաջորդ 4 ղեկավարների հայտարարագրված եկամուտներն ու ունեցվածքը: Նախորդ մասում անդրադարձել ենք Ավան, Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ղեկավարներին։

Վարչական շրջանների ղեկավարները առաջին անգամ ներկայացրել են իրենց գույքն ու եկամուտները՝ ներկայացնելով հայտարարագրեր՝ պաշտոնը ստանձնելու պահին։

Արմեն Սարգսյան

Ըստ ներկայացված հայտարարագրի՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ունի անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով:

Որպես շարժական գույք Սարգսյանը հայտարարագրել է Lexus ES 300 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 32.670.000 դրամ:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի եկամուտը կազմել է 1.464.600 դրամ, որը ստացվում է աշխատավարձից:

Նշենք, որ Սարգսյանն այս պաշտոնին է նշանակվել 2011թ-ի դեկտեմբերի 5-ին:

2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, Արմեն Սարգսյանի դրամական միջոցները տարեվերջին նվազել են՝ կազմելով 28 միլիոն 64 հազար դրամ: Նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 464 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Արթուր Կիրակոսյան

Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի ղեկավար Արթուր Կիրակոսյանը իր պաշտոնին նշանակվել է 2013թ. հունիսի 17-ին:

Նա որպես շարժական գույք է հայտարարագրել Land Rover Sport 4.2 մակնիշի ավտոմեքենա:

Արթուր Կիրակոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 3.000.000 դրամ և 13.000 դոլար:

Նուբարաշենի ղեկավարի եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել՝ 1.661.520 դրամ:

2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները զգալի ավելացել են՝ կազմելով 6 միլիոն դրամ և 13.000 դոլար: Եկամուտները տարեվերջին կազմել են 4 միլիոն 800 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նրա կինը՝ Արմինե Հովհաննիսյանը հայտարարագրել է

  • մեկ հողամաս,
  • 1 միլիոն 200 հազար դրամ արժողությամբ Infiniti FX 35 3.5 մակնիշի ավտոմեքենա,
  • 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս,
  • դրամական միջոցները կազմել են 36,1 միլիոն դրամ, 38 հազար դոլար, 32 հազար եվրո, 1 միլիոն 600 հազար ռուբլի:
  • եկամուտները կազմել են 12 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, գույքն օտարելուց և աշխատավարձից, ինչպեսև 5400 դոլար, որը նվիրտավություն է եղել:

Նրա հետ համատեղ ապրող Լյուբով Մանուկյանի հայտարարարում նշված է 9 անշարժ գույք, իսկ եկամուտները կազմել են 444 հազար դրամ, որը ստացվել է կենսաթոշակից:

Վաղինակ Մկրտչյան

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանը  պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 1.000.000 դրամ և 25.000 դոլար:

Նրա եկամուտը ևս ստացվել է աշխատավարձից՝ 1.910.440 դրամ:

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին նա նշանակվել է 2015թ. դեկտեմբերին:

2017 թվականի տարեկան հայտարարագի համաձայն, նրա դրամական միջոցները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտը տարեվերջիին կազմել է 3 միլիոն 304 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նրա կնոջ՝ Անահիտ Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ և 5000 եվրո, եկամուտները կազմել են՝ 1 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Արտակ Ալեքսանյան

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը իր պաշտոնին նշանակվել է 2013 թվականին: 

Նա կարծես թե շքեղ մեքենաների սիրահար է: Որպես անշարժ գույք Ալեքսանյանը հայտարարագրել է 5 մեքենա՝ Toyota Corolla 1.6, Bentley Mulsanne, Rolls-Royce Ghost, BMW X6 5.0 I և մեկ բեռնափոխադրող  Ford Transit  FT 100 2.5 TD մակնիշների:

Արտակ Ալեքսանյանը պաշտոնը ստանձնելու պահի դրությամբ որպես բաժնետոմս է հայտարարագրել 368.000.000 դրամ: Նրա դրամական միջոցները կազմել են 180.000.000 դրամ, 1.250.000 դոլար և 620.000 եվրո:

Եկամուտները ստացվել են մեկ աղբյուրից՝ աշխատավարձից, որը կազմել է 1.433.883 դրամ:

2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն Ալեքսանյանի դրամակն միջոցները նվազել են՝ կազմելով 130 միլիոն դրամ, 800 հազար դոլար, 620 հազար եվրո: Եկամուտները կազմել են 3,3 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից: 

Արտակ Ալեքսանյանը 2017-ին նաև 266 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս է ձեռք բերել:

Նրա կինը՝ Լենա Մարգարյանը շուրջ 48 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել 2017-ին: Նրա դրամական միջոցները կազմել են 200 միլիոն դրամ, 1 միլիոն 800 հազար դոլար և 1 միլիոն 200 հազար եվրո: 

Արտակ Ալեքսանյանի հետ համատեղ բնակվող Վարսենիկ Սիմոնյանը հայտարարագրել է 120 միլիոն դրամ արժողությամբ բնակելի տուն և 4 միլիոն դրամ արժողությամբ բնակարան, նրա եկամուտները կազմել են 120 միլիոն դրամ, որը ստացվել է նվիրատվությունից:

Լրացված

շարունակելի

Ալիսա Չիլինգարյան

Կարդացեք նաև՝  Երևանի վարչական 4 շրջանի ղեկավարների գույքն ու եկամուտները  (Ավան, Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն)

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել