22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով դատական հերթական նիստն այսօր նույնպես չկայացավ:
Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէին ներկայացել դատախազ Կարեն Սաֆթալյանը, ինչպես նաև տուժողի իրավահաջորդ Տիգրան Սահակյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Խաչատրյանը որոշեց հաջորդ նիստին գործով վկա Գևորգ Երիցյանին բերման ենթարկել դատական նիստերի դահլիճ, քանի որ նա պատշաճ ծանուցվել էր, սակայն նիստին չէր ներկայացել:
Նշենք, որ նախորդ նիստը չէր կայացել դատավորի մեկ այլ քրեական գործով խորհրդակցական սենյակում գտնվելու պատճառով:
Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատակցուհու՝ Արեգնազ Թովմասյանի մի քանի ամսվա աշխատավարձը չէր վճարել, հարցի շուրջ Թերլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում քաշքշուկի մեջ մտնելով նրա նշանած Լևոն Սահակյանի հետ, իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին. ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդ ատամնաբույժը մահացել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ալիսա Չիլինգարյան
Կարդացեք նաև՝