Այսօրվա կառավարության նիստին քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանի կողմից գործադիրին է ներկայացվելու կառուցապատման ներդրումային ծրագրին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծ:
Այս նախագծի համաձայն՝ կառուցապատման ներդրումային ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացնողն է «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ-ն:
Նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում Երևան Համայնքը ստանալու է 16,265,400 դրամ եկամուտ (271.09*60,000):
Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից, 1278.07 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքում կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև մոտ 955.69 քմ, հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել թատրոնի նոր շենք:
Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում և նոր բազմաբնակարան շենքերի կառուցում, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգում:
Ծրագիր իրականացնողն ապահովում է, որ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան 26 հասցեում գտնվող շինությունների սպասարկման համար Հայաստանի Հանրապետության 78231.6/89771 և երեք մասնավոր անձանց ընդհանուր 11538/89771 բաժիններով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող 0.591926 հա հողամասից շինություններից ազատ 0.100698 հա հողամասի և կառուցապատված 0.095569 հա հողամասի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը հօգուտ պետության անհատույց հրաժարվեն հողի նկատմամբ իրենց իրավունքներից, որի վերաբերյալ առկա են նոտարական կարգով վավերացված հայտարարությունները:
Նախագծերով առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառուցման համար 1278.07 քմ մակերեսով հողամասից համայնքային սեփականություն հանդիսացող 271.09 քմ հողամասը ուղղակի վաճառքով գնել համայնքից կադաստրային արժեքով, որը տվյալ գոտու 1 քմ համար կազմում է 60,000 ՀՀ դրամ, մնացած 1006.98 քմ հողամասը ձեռք բերել պետությունից՝ փոխանակմամբ: Ծրագիր իրականացնողը պարտավորվում է պետության հետ կնքել անշարժ գույքի փոխանակության պայմանագիր՝ որով պետությունից ձեռք է բերում 1006.98 չկառուցապատված հողամաս և 955.69 քմ շինությունով ծանրաբենված հողամասը, փոխարենը պարտավորվում է 955.69 քմ հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը, տեղում կառուցել թատրոնի շենք և պետությանը հանձնել վերգետնյա հարկերի տարածքները, իրեն պահելով ստորգետնյա ավտոհանգրվանի հարկը։
ՀՀ կառավարության կողմից տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելուց հետո ընկերությունը իրականացնելու է երեք փուլով անշարժ գույքի օտարման աշխատանքներ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ իրացված գույքերի դիմաց փոխհատուցումը տրամադրելով բնակելի տարածքներով