Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, քննեց Գագիկ Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործը:
.
Նշենք, որ Գագիկ Սումբատի Խաչիկյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թվականի հոկտեմբեր ամսվա վերջին օրերին Սահակ Աղլամազյանից վերցրել է նրա ՀՀ քաղաքացու թիվ AC 0282432 անձնագիրը գործող կարգի համաձայն աշխատանքի ընդունելու փաստաթղթերը ձևակերպելու համար: Այդ ժամանակ ուսումնասիրել է անձնագիրը և նկատել է որ անձնագիրը հնամաշ է լուսանկարի պոլիէթիլային թաղանթը պոկված է և տեղյակ լինելով, որ Ուզբեկստանում գտնվում է հետախուզման մեջ, անձնագրի լուսանկարը փոխել է իր լուսանկարով և 2010 թվականի նոյեմբերի 1-ին Բագրատաշեն ՀԱԿ-ով մեկնել է ՌԴ:
.
Նիստին ներկայացել էին մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը, ամբաստանյալը և նրա պաշտպան Էմիլ Պետրոսյանը:
.
Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
.
Նիստի ընթացքում դատարանը լսեց երկու վկաներից մեկի՝ Սահակ Աղլամազյանի ցուցմունքները, ում անձնագիրը ամբաստանյալն օգտագործել էր ՀՀ-ից մեկնելու համար:
Մյուս վկան՝ Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցը, չներկայացավ նիստին, ուստի դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները:
.
Դատական վիճաբանությունների փուլում դատախազը պնդեց մեղադրանքը, նշեց, որ Գագիկ Խաչիկյանը նախկինում դատապարտվել է կեղծ փաստաթղթեր պատրաստելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ այսինքն նմանատիպ հանցագործությունների համար:
.
Սակայն դատախազը նշեց նաև մի շարք մեղմացնող հանգամանքներ, ավելացրեց, որ ամբաստանյալի հանրային վտանգավորությունը բարձր չէ և անհրաժեշտ է նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել միայն տուգանք՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով հանցանք կատարելու համար (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը և պետական սահմանն ապօրինի հատելը):
.
Ամբաստանյալն իր վերջին խոսքում ընդունեց իր մեղքը և խոստացավ այլևս այդպիսի արարք չկատարել:
.
Դատական նիստից քառասուն րոպե անց դատարանը հրապարակեց դատավճիռը, ըստ որի՝ ամբաստանյալ Գագիկ Խաչիկյանին մեղավոր ճանաչեց վերոնշյալ արարքների համար և նշանակեց պատիժ՝ 600 000 ՀՀ դրամ տուգանք, որից 20 000 հաշվանցվեց (նվազեցվեց) որպես երկու օր կալանավորման մեջ լինելու հատուցում, ինչպես նաև ամբաստանյալի վրա դրվեց 27 000 դրամ դատական ծախսը հատուցելու պարտականություն:
.
Հանրային թղթակից` Սերինե Խաչատրյան
Աղբյուրը` Իրավաբան.net