ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ընդունվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հ.Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Միջոցներ են ձեռնարկվում՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: