Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, հաշվի առնվելով նրանց առաջարկները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ըստ այդմ, հ. 14 երթուղում հարմարեցված կլինեն թվով 3, հ. 20-ում՝ 2, հ. 22 և 28 երթուղիներում 6-ական ավտոբուս: Ըստ այդմ, նշված երթուղիներից 22-ում և 28-ում վերելակով կահավորված կլինի յուրաքանչյուր երկրորդ ավտոբուսը, որի արդյունքում տվյալ երթուղով հարմարեցված ավտոբուսները կանցնեն 25-30 րոպե միջակայքով, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա հենաշարժողական խնդիրներ ունեցող և սայլակներով տեղափոխվող քաղաքացիներին երկար չսպասել:
Հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների փոփոխության արդյունքում գրեթե բոլոր վարչական շրջաններից կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կստեղծվի, կապահովվի նաև կապը ուսումնական հաստատությունների հետ։
Հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն:
Նշենք, նաև, որ ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար: