Հաստատվել են սիրողական որսի չափաքանական ու որսի ժամկետները

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը (Արծվիկ Մինասյանն այս օրերին արձակուրդում էր) օգոստոսի 1-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել են սիրողական որսի չափաքանական ու որսի ժամկետները: Հրամանում նշվում է.

«Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի հուլիսի 25-ի N 2459-118 գրությամբ ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև «Դեպի կայուն էկոհամակարգեր» հասարակական կազմակերպության 2017 հուլիսի 25-ի N 21-0017 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության որսահանդակներում որսի թռչունների քանակական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը և որսահանդակների ցանկը հաստատելու մասին» N 860-Ն որոշմամբ հաստատված որսահանդակներում թույլատրել հետևյալ կենդանատեսակների սիրողական որսը`

1) լոր – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2017 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2017 թվականի օգոստոսի 26-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փարփար, եղեգնահավ) – 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադից և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) քարակաքավ – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

9) աղվես – 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում):

2. 2017-2018 թվականների որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին` կազմակերպել կենսառեսուրսների օգտագործման համար պայմանագրերի կնքումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման կարգը հաստատելու մասին» N 884-Ն որոշման:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին, իսկ վերջինիս լուծարումից հետո` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝

1) որսաշրջանի ընթացքում ապահովել կնքված պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների իրականացման գործընթացի վերահսկողությունը,

2) սահմանված կարգով, յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի մամլո քարտուղարին` ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել