Շիրակի մարզպետարանում օգոստոսի 18-ին տեղի ունեցել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) հանդիպումը ոչ պարենային ապրանքների շուկայում գործող տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են ՇՎՏՄ-ից:
Հանդիպմանը մասնակցում էր մարզպետ Արթուր Խաչատրյանը, ներկա էին մարզի այլ պատասխանատուներ։ Հրավիրված էին նաեւ ՀԿ ներկայացուցիչներ։
Արթուր Խաչատրյանը նշեց, որ նման հանդիպման անհրաժեշտությունը կար, քանի որ տնտեսվարողները հաճախ են ոլորտին վերաբերող տարբեր հարցեր բարձրացնում։
«Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե տուգանող կառույց ենք, այլ համագործակցության կոչ ենք անում ձեզ։ Այդ նպատակով նախաձեռնել ենք իրազեկման ընգրկուն ծրագիր՝ տնտեսվարողներին տեղեկացնելու ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, մեր ստուգումների արդյունքներին, արձանագրված հիմնական խնդիրներին»,- ասաց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը։
ՇՎՏՄ երկրորդ եռամսյակի ստուգումները, որոնք իրականացվել են եւ օգոստոսի 10-ի դրությամբ ավարտվել են 72 տնտեսվարողների մոտ, ցույց են տալիս, որ հիմնական խնդիրները վերաբերում են մակնշման պահանջների անհամապատասխանությանը, հավաստագրի (սերտիֆիկատ) բացակայությանը, ԱԳԼՃԿ-ներում` ճնշման գերազանցմանը, վառելիքի որակի անհամապատասխանությանը։ Ինչպես հայտնեցին ՇՎՏՄ մասնագետները, տեխկանոնակարգերով սահմանված այս եւ այլ խախտումների համար տեսչական մարմինը տնտեսվարողներին տուգանել է ավելի քան 6 մլն դրամով։
ՇՎՏՄ մասնագետները ներկայացրին նաեւ գործողությունների այն շղթան, որը թույլ կտա տնտեսվարողներին շուկայում աշխատել օրինականության դաշտում՝ առանց խնդիրների։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ իր խոսքում նշեց, որ շուկան կարգավորելու առումով տնտեսվարողների եւ սպառողների իրազված լինելը չափազանց կարեւոր գործոն է։ Ինչպես նաեւ պետք է ընդունել, որ միայն պետական վերահսկողությամբ ցանկալի արդյունքի հասնելը դժվար է, այստեղ դեր ունեն ինչպես ՀԿ-ները, այնպես էլ ԶԼՄ-ները, որոնք հասարակական վերահսկողությունն են ապահովում։
Ապա տեղի ունեցավ հարց ու պատասխան։ Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը բարձրացված հարցի առնչությամբ նշեց, որ մանրածախ առեւտրով զբաղվողներն իրենք են պատասխանատու ապրանքի որակի հավաստագրի (սերտիֆիկատի) առկայության համար ու պետք է ներմուծողից պահանջեն այն, նրանք եւս իրենց տեղում պահանջող լինելու դեպքում շատ խնդիրներ դաշտում կլուծվեն։