Սկսվել է 2017-2018 ուսումնական տարվա դասագրքերի բաշխումը Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին: Դասագրքերը կենտրոնացվել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության Եղիշե Չարենցի անվան հ. 67 և Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցներում, որտեղից էլ, նախապես ներկայացված հայտերի հիման վրա, համապատասխան քանակով դրանք տրամադրվում են դպրոցների գրադարանավարներին:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն այցելել է դասագրքերի կենտրոնացման դպրոցներ և տեղում ծանոթացել գործընթացին: Նա նշել է, որ նոր ուսումնական տարին բոլոր աշակերտներն առանց բացառության կսկսեն նոր գրքերով, իսկ դրանց տրամադրման ժամկետներում ուշացումներ չեն լինի:
Այս տարի Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներին կտրամադրվի ավելի քան 160 հազար կտոր գրականություն՝ այդ թվում դասագրքեր, ուսումնաօժանդակ ձեռնարկներ: Ընդ որում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, առաջինից չորրորդ դասարանցիներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Ավելի բարձր դասարանցիների դասագրքերի գնացուցակները փակցված կլինեն բոլոր դպրոցների տեսանելի վայրերում: