«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ երիտասարդի գործի քննությունը հետաձգվեց

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ դատավոր Մանուշակ Պետրոսյանի, պետք է շարունակվեր «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ Սերյոժա Ստեփանյանի պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:

.

Ամբաստանյալ Սերյոժա Ստեփանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով: Նա 2010թ. Արմավիրի զինվորական կոմիսարիատում անցել է կցագրում և բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար, սակայն, հանդիսանալով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ և պատճառաբանելով իր համոզմունքները, ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2011թ-ի գարնանային զորակոչից խուսափելու դիտավորությամբ,  28-06-2011թ, դիմում է ներկայացրել Արմավիրի զինվորական կոմիսարին, համաձայն որի, հրաժարվել է ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից` չունենալով այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական հիմքեր:

.

Առաջին ատյանի դատարանը Սերյոժա Ստեփանյանին ճանաչել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում, և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով:

.

Վերաքննիչ բողոքով Սերյոժա Ստեփանյանը խնդրում է ամբողջությամբ բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վերոհիշյալ դատավճիռը, իրեն ճանաչել անմեղ, սահմանել, որ բողոքաբերի հետապնդմամբ և դատապարտմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 9-րդ հոդվածներն առանձին վերցրած և 14-րդ հոդվածի հետ համատեղ, պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը բողոքաբերին վճարել ողջամիտ փոխհատուցում անօրինական հետապնդման արդյունքում պատճառված վնասների դիմաց ողջամիտ փոխհատուցում:

.

Այսօր դատական նիստին ներկայացել էր նոր մեղադրող: Նախագահող  դատավոր Մանուշակ Պետրոսյանը ստուգեց  մեղադրողի  ինքնությունը և նրա  կողմից  ներկայացված լիազորագիրը,  ապա հրապարակվեց  դատական նիստից բացակայող պաշտպան Արթուր Մարգարյանի կողմից  ներկայացրած դիմումը: Պաշտպանը խնդրել էր  դատական նիստը  հետաձգել, քանի  որ  ինքը  վատառողջ է և  չի կարող  ներկայանալ  գործի  քննությանը: Դատարանը, լսելով  ամբաստանյալի կարծիքը, տեղում խորհրդակցելով, որոշեց դատական նիստը հետաձգել: Հաջորդ  դատական նիստը  տեղի  կունենա  հոկտեմբերի 30-ին, ժամը 11.00-ին:

 .

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել