Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ’ Պալատ) խորհուրդը, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Նելլի Հարությունյանի, Արայիկ Ղազարյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի և Տարոն Սիմոնյանի,
քննության առնելով փաստաբանների իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցը՝
հաշվի առնելով 2017 թվականի հուլիսի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցած ակումբի նիստի քննարկումների արդյունքները,
ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներով, միաձայն որոշել է՝
1. Փաստաբաններին զննության ենթարկելու դեպքերի վերաբերյալ՝
1.1. Արձանագրել, որ՝
• Փաստաբանները քրեական գործերով արդարադատության իրականացման հարցում կարևոր և անփոխարինելի սուբյեկտներ են և պետական ծառայողները պարտավոր են փաստաբանների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք՝ ղեկավարվելով փաստաբանի բարեխղճության կանխավարկածով.
• Առանց հատուկ սարքերի փաստաբանին զննելու համար դատական կարգադրիչը պետք է ունենա իրավական և փաստական հիմքեր.
• Փաստական հիմքը կարող է լինել այն դեպքում, երբ կա ողջամիտ կասկած, որ փաստաբանը կարող է օրենքով արգելված իրեր տեղափոխել.
• Անթույլատրելի է զննություն կատարելիս դրսևորել խտրական վերաբերմունք փաստաբանների նկատմամբ.
• Զննությունը չի կարող փաստացի վերածվել խուզարկության կամ ստեղծել փաստաբանական գաղտնիքի հրապարակման վտանգ կամ փաստաբանի համար նվաստացուցիչ պայմաններ.
• Անթույլատրելի է դատարանի և դատական կարգադրիչների կողմից՝ փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրերը, այդ թվում՝ անվտանգ տարայով խմելու ջուրը, տեղափոխելու արգելքը:
1.2. Առաջարկել ՀՀ դատական դեպարտամենտին՝
• Զննությունը կատարել տեխնիկական միջոցներով (սկանավորմամբ)՝ առանց փաստաբաններին լրացուցիչ անհարմարություն պատճառելու.
• Փաստական հիմքի առկայությամբ փաստաբանի պայուսակի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարել առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական ծառայողների և ընթերակաների մասնակցությամբ՝ արդյունքների վերաբերյալ կազմելով արձանագրություն երկու օրինակից (մեկ օրինակը հանձնելով փաստաբանին).
• դատական կարգադրիչներին հրահանգել, որ փաստաբանի պայուսակը կամ այլ իրը զննելու դեպքում, դատական կարգադրիչն իրավասու չէ՝ ա) ինքնուրույն որոնողական գործողություններ կատարել, այդ թվում՝ բացել պայուսակը կամ տեղաշարժել պայուսակի մեջ գտնվող իրերը, և բ) որևէ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ:
2. Կոչ անել փաստաբաններին՝ իրենց վստահորդներին պաշտպանելու հարցում դրսևորել համարձակություն, սկզբունքայնություն և բարեխղճություն՝ պահպանելով Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները:
3. Ընդունել ի գիտություն, որ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջներին համապատասխան գործող փաստաբանն ունի փաստաբանի գործունեության պաշտպանության օրենքով սահմանված երաշխիքները և ՀՀ փաստաբանների պալատի լիարժեք աջակցությունը:
4. Հանձնարարել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարին’ սույն որոշումն ուղարկել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին և ապահովել որոշման հրապարակումը ՀՀ փաստաբանների պալատի կայքում:
Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 21.07.2017թ. թիվ 15-Լ որոշման ամբողջական տեքստը լրացուցիչ կհրապարակվի:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմ
Իրավաբան.net