Կառավարության հուլիսի 20-ի նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելու է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ օրենքի նախագիծ) 1-ին հոդվածը հանել, հետևյալ հիմավորմամբ՝
Օրենքի նախագծով նախատեսվում է խմբագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնը` սահմանելով, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև իր վկայակոչած այլ փաստերը, եթե օրենքով այդ փաստն ապացուցելու պարտականությունն այլ անձի վրա դրված չէ:
Քաղաքացիական դատավարությունում, բացի ապացուցման ընդհանուր կանոններից, գործում են նաև հատուկ կանոններ, որոնք ազդում են ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելու վրա:
Նյութական և դատավարական օրենսդրական նորմերով սահմանվում են ապացուցողական կանխավարկածներ, այսինքն` փաստեր, որոնք համարվում են ապացուցված, եթե մյուս կողմը չի հերքում դրանց գոյությունը: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի համաձայն՝ պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները, իսկ մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Այսինքն, եթե հայցվորը վկայակոչում է, որ վնասը պատճառվել է պատասխանողի մեղքով, ապա պատասխանողը պետք է ապացուցի ոչ թե հայցվորի վկայակոչած, այլ դրա հակառակ փաստը, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
Նշված և այլ համանման ապացուցողական կանխավարկածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի կողմի վրա կարող է դրվել մյուս կողմի վկայակոչած փաստի հակառակը, այլ ոչ թե վկայակոչած փաստն ապացուցելու պարտականություն:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի նիստումհավանության արժանացած և 01/10.2/15353-17 06.07.2017թ. գրությամբՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով քննարկվող ապացուցողական կանխավարկածները ստացել են իրավական ամրագրում:
Մասնավորապես, նշված օրենսգրքի նախագծի 58-րդ հոդվածով սահմանվել է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Առաջարկվող փոփոխությունը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված, քաղաքացիական դատավարությունում ձևավորված և կիրառվող ապացուցման պարտականությունը բաշխելու կանոններից, ապացուցողական կանխավարկածներից և կարող է քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացում առաջացնել գործնական խնդիրներ:
Բացի դրանից, հարկ է նշել, որ ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներկայիս խմբագրությամբ 48-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ նույն հոդվածի` օրենքի նախագծով առաջարկող խմբագրության վերլուծությունից բխում է, որ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր կողմից վկայակոչված ցանկացած հանգամանք: Մինչդեռ, կոնկրետ գործով ապացուցման առարկան որոշելիս և գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելիս ուշադրության է արժանի վկայակոչված փաստերի իրավական նշանակության հարցը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա: Հետևաբար, կոնկրետ գործով ապացուցման առարկան են կազմում և դատարանի կողմից հետազոտման, իսկ գործին մասնակցող անձանց կողմից` ապացուցման կարիք ունեն ոչ թե վկայակոչված բոլոր փաստերը, այլ միայն նրանք, որոնք գործի լուծման համար ունեն էական նշանակություն: Հենց այս տրամաբանությունն է դրված նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող կարգավորման հիմքում: