Բենզինի և վառելիքի կտրոնների յուրացման գործով դատարանը որոշեց կիրառել դատական քննության արագացված կարգ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մարտին Սարոյանի, շարունակվեց թիվ ՇԴ/0122/01/12 քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի` Լ. Գալստյանի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար:

Սույն քրեական գործով մեղադրյալ Լ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2006-2011թթ. աշխատելով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում որպես գործավար-քարտուղարուհի, յուրացրել է իր վստահությանը հանձնված 1.000.000 ՀՀ դրամի արժողության բենզինի և վառելիքի կտրոնները, հիվանդանոցին պատճառելով խոշոր չափերի նյութական վնաս:
Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արտյոմ Ավետիսյանը:
Սույն քրեական գործով տուժող Հայր Մարիո Կուկարոլլոն, ով Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի վարչական մասի տնօրենն է, այսօր վերջապես ներկայացել էր դատական նիստին. հայերեն չիմանալու պատճառով` ներկա էր նաև Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի վարչական մասի աշխատակից, նաև թարգմանիչ` Հասմիկ Համբարյանը: Դատարանը պարզաբանեց վերջինիս կենսագրական տվյալները և նախազգուշացրեց սխալ թարգմանություն կատարելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին դրույթը:
Դատաքննությանը ներկա էին նաև ամբաստանյալը և վերջինիս շահերի պաշտպան ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Հովիկ Գալստյանը:
Դատարանը պարզաբանեց նաև տուժողի կենսագրական տվյալները, ներկայացրեց վերջինիս իրավունքները և պարտականությունները: Տուժողը պնդեց իր պահանջը`ամբաստանյալի կողմից վնասը հատուցելու համար: Սակայն ամբաստանյալը դեռևս աշխատանքից ազատվելու ժամանակ պարտավորվել էր վերադարձնել իր կողմից յուրացված ամբողջ (1.000.000 դրամ) գումարը:
Մեղադրողը ներկայացրեց մեղադրանքը, իսկ ամբաստանյալը իրեն մեղավոր ճանաչեց:
Ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց դատարանի համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի պահնաջներին համապատասխան կիրառել դատական քննության արագացված կարգ: Դատախազը չառարկեց արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը:
Դատարանը պարզաբանեց կողմերին, որ դատաքննության արագացված կարգ կիրառելիս` դատարանը չի հետազոտում գործում եղած ապացույցները, այլ հրապարակում է միայն ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, ինչպես նաև վերջինս նկատմամբ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածով, որոշեց կիրառել դատական քննության արագացված կարգ:

Դատարանը անցնելով դատական վիճաբանությունների փուլ, կողմերին խնդրեց հանդես գալ ճառով, պարզաբանելով նաև, որ տուժողը ևս իրավունք ունի ճառով հանդես գալու:
Մեղադրողը միջնորդեց 2 աշխատանքային օր տրամադրել, որպեսզի վերջինս պատրաստվի ճառին: Դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը, և դատական նիստը հետաձգեց հոկտեմբերի 26-ին, ժամը 10: 30-ին:

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել