Տնտեսվարող սուբյեկտների շրջանում օրերս մտահոգություն էր առաջացրել հաշվետվությունների էլեկտրոնային նոր համակարգից օգտվելու համար միայն որոշ էլեկտրոնային հասցեներ գրանցել կարողանալու հանգամանքը, ինչի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել:
Ինտերնետային նամակագրություն ապահովող օպերատորները, հաշվի առնելով վերջին օրերին համացանցում նոր տեսակի վիրուսային հարձակումների տարածումը, բարձրացրել են անվտանգության պայմանները և արգելափակում են մի խումբ էլեկտրոնային հասցեներին ուղարկվող նամակները՝ դիտարկելով որպես հնարավոր վտանգ: Առցանց նամակագրության այդպիսի կայքերից են, օրինակ՝ @gmail.com, @outlook.com, @yandex.ru, @live.com և մի շարք կազմակերպությունների սերվերները: Մինչդեռ այդ ընթացքում անխափան գործում էին այլ օպերատորներ և կազմակերպությունների սերվերներ, մասնավորապես՝ @mail.ru և @yahoo.com:
Խնդրի առաջանալուն պես ՊԵԿ-ն անհապաղ միջոցներ է ձեռնարկել. կոմիտեի սերվերները վստահելի սերվերների ցանկում ներառելու նպատակով կապ է հաստատվել անվտանգությունն ապահովող համապատասխան հաստատությունների հետ, և մայիսի 20-ի դրությամբ հաջողվել է վերականգնել հիմնական սերվերային համակարգերի հետ հաղորդակցությունը: Այս պահին ևս աշխատանքներ են կատարվում՝ պահպանելու նամակագրության ապահովությունը և կանխարգելելու նմանատիպ խնդիրներն այլ օպերատորների հետ:
Հաշվի առնելով առաջացած անհարմարությունները՝ հաշվետվությունների ներկայացման նոր համակարգի ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2017թ. նոյեմբերի 1-ը: Խնդրի կարգավորումից հետո հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից օգտվելու համար արդեն կարողացել է գրանցվել ավելի քան 395 հարկ վճարող: