Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտի կամ անձնագրի փոխանակման դեպքում արդյո՞ք նույն ժամկետներն են գործում: Իրազեկում է ՀՀ ՈՍ անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացակա Բիչախչյանը.
ՀՀ-ում գտնվելու դեպքում իրավասու մարմնին դիմելիս նույնականացման քարտ և բիոմետրիկ անձնագիր ստանալու համար սահմանված է ժամկետ՝ 15-րդ աշխատանքային օրը, իսկ հին նմուշի անձնագրի համար՝ 5-րդ աշխատանքային օրը (ոչ կորստյան հիմքով):
ՀՀ օրենսդրության համաձայն նույնականացման քարտի և անձնագրի փոխանակման հիմքերից մեկը անհատական տվյալների փոփոխությունն է (օրինակ, անուն, ազգանուն, հայրանուն և այլն):
Քաղաքացին ինքն է ներկայացնում անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթը (տրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից):
Եթե ներկայացվող փաստաթուղթը հիմնավորում է դիմումատուի պահանջը, նույնականացման քարտը և անձնագիրը տրամադրվում է վերը նշված ժամկետներում:
ԱՅՍԻՆՔՆ՝ Անհատական տվյալների փոփոխման հիմքով նույնականացման քարտ կամ անձնագիր փոխելիս այլ ժամկետ սահմանված չէ:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՇԵԼ ՆԱԵՎ՝ տվյալ դեպքում սահմանված ժամկետում ստանալու համար պետական տուրքի տարբերություն նույնպես չկա. նույնականացման քարտի համար քաղաքացին վճարում է 3.000 դրամ, բիոմենտրիկ անձնագրի համար՝ 25.000 դրամ, հին նմուշի անձնագրի համար՝ 1.000 դրամ:
ԻՍԿ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ՝ երբ ներկայացվել է անհատական տվյալների փոփոխությունը հիմնավորող փաստաթուղթ և դրա իսկությունը կասկած է հարուցել անձնագրային ծառայության աշխատակցի մոտ կամ առկա են հակասական տվյալներ, ծառայության կողմից հարցում կատարելու դեպքում դրա համար որևէ միջնորդավճար կամ լրացուցիչ պետական տուրքի վճար չի գանձվում: Տվյալ դեպքում փաստաթղթի տրամադրման ժամեկտի սկիզբ է համարվում հարցման պատասխանը ստանալու հաջորդ օրը, իսկ նույնականացման քարտի և բիոմետրիկ անձնագիր ստանալու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո քաղաքացուն տեղում լուսանկարահանելու հաջորդ օրը: