Ամենամյա արձակուրդն օրացուցային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգuտանալու և աշխատունակությունը վերականգնելու համար:
Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մաuերով: Գործատուի և աշխատողի միջև այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ:
«Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում, իսկ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ աշխատավայրում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատաuխան»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Փաստաբանի խոսքով` հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
Ամենամյա նվազագույն արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական փոխհատուցում:
Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս` անկախ դրա գործողության ժամկետից: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Եթե աշխատողին ամենամյա արձակուրդ չի տրամադրվել մեկ տարուց ավել ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Աղբյուրը` Իրավաբան.net