ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017թ. գնումների պլանի համաձայն՝ մարմինը նախատեսում է ձեռք բերել պրեմիում տեսակի բենզին՝ լիտրը 420 դրամով, ընդհանուր՝ 6190 լիտր, ընդհանուր արժեքը 2 մլն 599 հազար 800 դրամ։
Համեմատության համար նշենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը իր գնումների պլանով պետք է ձեռք բերի ռեգուլյար տեսակի բենզին՝ լիտրի արժեքը 318․50 դրամ։
Բացի այդ վարչությունում ցանկանում են ձեռք բերել ծաղկային 15 կոմպոզիացիաներ, միավորի գինը 35 հազար դրամ։
Իհարկե, այս վարչությունն էլ բացառություն չէ բացիկներ գնելու տեսանկյունից, պետք է գնեն 550 շնորհավորական բացիկներ, ամեն մեկը 700 դրամ, ընդհանուր՝ 385 հազար դրամ միայն շնորհավորանքի դրական խոսքեր ասելու համար։
Նախատեսվում է նաև ձեռք բերել ամբողջը մեկում 15 համակարգիչ և 2 հատ դյուրակիր համակարգիչ, յուրաքանչյուրը՝ 450 հազար դրամ, ինչպես նաև 5 մոնիտորներ՝ ընդհանուր 300 հազար դրամով, 7 dat քարթրիջներ՝ 770 հազար դրամ, անլար մկնիկ 20 հատ, յուրաքանչյուրը 6500 դրամ, հեռուստացույց՝ 250 հազար դրամով, մեկ ավտոմատային հեռախոսային կայանների համակարգ 16 մլն դրամով։
Գնումների պլանի համաձայն՝ պետք է ձեռք բերվի ավտոմեքենաների 12 անիվ՝ յուրաքանչյուրը 45 հազար դրամ, կահույք՝ 5 լրակազմ, ամեն մեկի արժեքը 800 հազար դրամ, 5 գրապարահարներ՝ 100 հազար դրամ միավորի գինը, աշխատանքային 20 աթոռ՝ 35 հազար դրամ միավորը, 700 հազար՝ ամբողջի համար։
Ձեռք է բերվելու նաև 2 օդորակիչ՝ միավորը 830 հազար դրամով և 15-ը՝ յուրաքանչյուրը 400 հազար դրամով։
Ավիացիայի վարչությունը ծախսերի գնահատման համար պատրաստվում է ծախսել 1 մն դրամ, ավտոմեքենաների վերանորոգմանը կտրամադրվի 400 հազար դրամ, նույնքան էլ նախատեսվում է հատկացնել, որպեսզի մեքենաները մաքուր լինեն։
Վարչության ներկայացուցչական ծախսերը՝ 21,5 մլն դրամի չափով են։
Գևորգ Թոսունյան