Այսուհետ Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում կհրապարակվեն պաշտոնատար անձանց գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները։
Այս գործընթացը կարգավորող որոշումն արդեն ուժի մեջ է մտել։ Մասնավորապես վարչապետի ստորագրած նոր որոշմամբ սահմանվում է, որ «Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն` համաձայն հավելվածի, որը ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում` բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ»:
Եթե հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ, ապա ըստ նոր որոշման՝ ներկայացնողի կողմից հաշվետվության առաջին էջի վերևի մասի աջ անկյունում նշվում է «Հրապարակման ենթակա չէ» գրառումը:»