ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ապրիլի 28-ին աշխատանքային կարգով հանդիպել է ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերին` քննարկելու էլեկտրոնային առողջապահական համակարգի մեկնարկին առնչվող հարցերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը և Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը:
Լևոն Ալթունյանը ներկաներին հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն մայիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է էլեկտրոնային առողջապահական համակարգը և հորդորել լինել առավել քան ուշադիր, քանի որ ֆինանսավորումն այսուհետև կատարվելու է մուտքագրված տվյալների հիման վրա:
ՀՀ մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների և բաժինների պետերը ներկայացրել են տվյալների մուտքագրման ընթացքում ծագած հարցերը, հանդես եկել առաջարկներով, կիսվել մտահոգություններով:
Բարձրաձայնված խնդիրներին մասնագետները տեղում պատասխանել են: Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գևորգյանը կարևորել է գործնական աշխատանքների հիման վրա ներկայացվող դիտարկումները և առաջարկները, որոնք հաշվի առնելով կատարելագործվում է համակարգը:
Այսպիսով` մայիսի 1-ից բժշկական կազմակերպությունները կանցնեն Էլեկտրոնային առողջապահական համակարգի կիրառմանը: