Բանտում անմարդկային վերաբերմունքի մասին բարձրաձայնած դատպարտյալը հանկարծամահ եղավ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել դատապարտյալ Հրաչյա Հենզելի Գեւորգյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1964թ. ծնված Հրաչյա Հենզելի Գեւորգյանը (նախկինում 5 անգամ ազատազրկման դատապարտված, վերջին անգամ` ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 7-րդ կետերով, 316 հոդվածի 1-ին մասով եւ 182 հոդվածի 1-ին մասով 09.11.2015թ. դատապարտվել է ազատազրկման 8 տարի ժամկետով) ապրիլի 5-ին` ժամը 17:05-ի սահմաններում հանկարծամահ է եղել: Նախնական տվյալներով մահվան պատճառը կարող է լինել սուր կորոնար անբավարարությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հարկ ենք համարում հայտնել, որ 31.03.2017թ.-ին դատապարտյալը անհրաժեշտ լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ եւ խորհրդատվություններ ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Արդյունքում` արձանագրվել է, որ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:

Ապրիլի 1-ից Հ. Գեւորգյանը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել եւ դուրս է գրվել հիվանդանոցից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հրաչյա Գեւորգյանը նախորդ տարի դատական նիստի ժամանակ նամակ էր նետել լրագրողների ուղղությամբ, նամակում նա բարձրաձայնել էր մի շարք խնդիրների մասին, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում, մասնավորապես «Նուբարաշեն» բանտում։

Նամակում նա գրել էր․

«Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձևի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ  կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները:

Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձևի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող:

Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու:

Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում և շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ:

Ցավդ տանեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,- ասվում է նամակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել