«Ծառուկյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որը հրապարակել է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, հայտարարության մեջ ասվում է․
«Երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այլևս պատմություն են: Մեկ ամիս շարունակ մենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերում ձեզ ենք ներկայացրել մեր ծրագիրը, մեր անելիքներն ու առաջնահերթությունները: Առավելագույնս անկեղծ ենք եղել մեր բոլոր հայրենակիցների առաջ՝ թե մեր երկրում առկա տարբեր խնդիրների վերհանման և թե դրանց լուծման ճանապարհների նախանշման առումով: Այսօր մենք ստացել ենք մեր 400 հազարից ավելի հայրենակիցների վստահության քվեն ու աջակցությունը: Հավատացեք, որ մենք շատ բարձր ենք գնահատում ստացած յուրաքանչյուր ձայն, որը մեզ պարտավորեցնում է մեր լիազորությունների չափով անել հնարավոր ամեն բան մեր երկիրն առաջ տանելու և զարգացնելու համար:
Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախանշած սկզբունքներին՝ շարունակելու ենք ժողովրդի առաջ լինել միշտ բաց ու անկեղծ: Մենք քաջ գիտակցում ենք մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների լրջությունը և մեր հնարավորությունների սահմաններում անելու ենք հնարավոր ամեն բան դրանք լուծելու համար: Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է: Աստված պահապան մեզ բոլորիս»։