«Նանման» ընկերությանը արդեն 3-րդ անգամ հարկային արտոնություններ են տրամադրվում: Այսօր կառավարության նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ ընկերությունը շուրջ 20 միլիոն դրամի ներդրում է անելու, որի հիմնական մասն ուղղված է սարքերի գնմանը: Ներդրումների արդյունքում ևս 15 աշխատատեղ պետք է ստեղծվի.
«Կառավարության սահմանած կարգով ընտրված «Նանման» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի մարտի 31-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով»,- նշված է որոշման նախագծում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ի պատասխան արձագանքեց. «Էն «Նանմանն» է, չէ: Ջինսերի արտադրություն…»: Սուրեն Կարայանն ասաց, որ այո, արդեն 3-րդ անգամ են ներկայացնում նման հարց այս ընկերության վերաբերյալ և ընկերությունն անընդհատ ընդլայնում է արտադրությունը: