Պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց հանդեպ համաներում կլինի

Այսօր կառավարության նիստին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից ներկայացվելու է կառավարության եզրակացության նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ:

Փաստաթուղթը հիմնավորվում է այսպես.

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում Հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն մի քանի անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում»:

Ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Նշենք, որ այս հարցը չզեկուցող էր և կառավարության անդամները չզեկուցվող հարցերի վերաբերյալ առարկություններ չունեին: Հետևաբար, այս հարցը նույնպես հավանության արժանացավ:

Փոփոխություններով օրենքի 1-ին հոդվածն այսպես շարադրված կլինի.

«Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա:

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել