Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը մինչ օրակարգային հարցերին անցնելը հանձնարարականներ տվեց գործադիրի անդամներին՝ նշելով, որ հանձնարարականների հիմքում մարզային այցելություններն են:
Առաջին հանձնարարականը վերաբերում էր սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետությունը և ուղղված էր ՀՀ արդարադատության նախարարին. սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցները բարձրաձայնում են, որ սնանկության գործով կառավարիչների ոչ պատշաճ աշխատանքի հետևանքով վարույթը երկարաձգվում է, ցածր է արդյունավետությունը պարտքերի, այդ թվում` աշխատավարձերի վճարման գործընթացում: Սա հետևանք է ինչպես պրակտիկ, այնպես էլ` օրենսդրական բացերի:
Վարչապետը հանձնարարեց Արփինե Հովհաննիսյանին 3-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերացմանն ու սննակության գործերով վարույթի արդյունավետությանն ու այդ վիճակները կանխարգելելուն ուղղված լուծումներ:
Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ օրենսդրական փոփոխություններով «սնանկության վտանգի» գաղափարը ներդրվեց, երբ մինչ սնանկության վարույթ սկսելը քայլեր ձեռնարկվեին և գործընթացի վրա ազդելու հնարավորություն լիներ. «Ձեր հանձնարարականը հաշվի առնելով` լրացուցիչ այլ գործիքակազմեր ևս հաշվի կառնենք, որպեսզի այդ պրոցեսը սահուն և հարթ ընթանա»:
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը նախաձեռնել է սնանկության վարույթի արդյունավետությանը խոչընդոտող խնդիրների բացահայտմանն ուղղված հետազոտություն և մեծապես կարևորում է նաև հանրության կողմից ներկայացվելիք առաջարկությունները: