Կարապի լճի տարածքն առաջիկայում ամբողջությամբ կբարեկարգվի և նորովի կկանաչապատվի

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

«Երևաննախագիծ» ՓԲԸ–ի մշակած նախագծով 9740 քմ տարածք զբաղեցնող մայրաքաղաքի հանգստի այս գոտում, որից 2545 քմ-ն լճի մակերեսն է, նախատեսված է առաջնահերթորեն բարեկարգել մայթերն ու ճեմուղիները:

Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դրանք, ի դեպ, կերեսապատվեն գեղարվեստական ձևավոր բետոնե սալիկներով: Տարածքում կկառուցվեն նաև բազալտե աստիճաններ: Մայրաքաղաքի բնակիչների և քաղաքի հյուրերի հանգիստը տվյալ վայրում լիարժեք ու հարմարավետ դարձնելու նպատակով կնորոգվեն բազալտե նստարանները, կտեղադրվեն նորերը, ինչպես նաև՝ նոր աղբամաններ, իսկ մալուխները կանցկացվեն ստորգետնյա եղանակով՝ հատուկ խրամուղային խողովակներով:
Կարապի լճի հարակից տարածքի կանաչապատման ընթացքում կճեմապատվի 107 քմ, կտնկվի 80 թուփ:
Առաջիկայում հանգստի սիրված գոտին շահագործման կհանձնվի ամբողջությամբ՝ այցելուներին ներկայանալով նորովի և առավել հարմարավետ պայմաններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել