Ազգային ժողովում կրկին հայտնվելու համար ընտրապայքարի մեջ է մտել նաև միլիարդատեր պատգամավոր Վահան Կարապետյանը:
Նա ընտրապայքարին մասնակցում է «Ծառուկյան» դաշինքի կազմում:
Պատգամավորն ունի 348 մլն դրամ, 1,9 մլն դոլար ու 115 հազար եվրո, ինչը բավականին փոքր թիվ է համեմատած պատգամավորի՝ 2012թ. սկզբում ունեցած հարստության հետ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին նա այդ տարի ներկայացրել Է հայտարարագիր՝ նշելով, որ իր դրամական միջոցները հասնում են 5,1 մլն դոլարի, 650 հազար եվրոյի և 1 միլիարդ 230 մլն դրամի:
Միլիարդատեր պատգամավորն ունի արտադական նշանակության տարածք՝ 22 հեկար մակերեսով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պատգամավորի թեկնածուն տեղեկացրել է, որ ունի Mercedes-Benz G 55 AMG (2009թ.), Range Rover Sport (2009թ.), Bentley Continental GT 6.0 (2004թ.) մակնիշների մարդատար ավտոմեքենաներ և ЗИЛ 130 (1986) բեռնատար ավոտմեքենա: Ի դեպ, բեռնատարի մասին նա չի հայտնել բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողովին, և ինչպես ցույց է տալիս պրակտիկան այդ հանձնաժողովը ոչ մի քայլեր չի ձեռնարկել պարզաբանումներ ստանալու համար:
Չի բացառվում, որ Կարապետյանների ընտանիքը հանձնաժողովին չի ներկայացրել նաև BMW X6 մակնիշի ավտոմեքենան, որով երթևեկում է Վահան Կարապետյանի կինը՝ Սառա Մելքոնյանը, այդ մեքենան երևում է «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժում:
Վահան Կարապետյանը ծնվել է 1966թ. մայիսի 26-ին Երեւանում:
1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1991թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Իրավագետ:
1986-1994թթ. Երեւանի ճշգրիտ սարքավորումների գործարանում աշխատել է մոնտաժող բանվոր: Մասնակցել է արցախյան ազատամարտին: 1994-1997թթ. աշխատել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության գումարտակում, եղել է ծառայության պետ: 1997-2000թթ.` ՊՆ գնդի հրամանատարի տեղակալ: 2000թ. «Վասանավի» ընկերության հիմնադիր նախագահ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: