Պետությունը 2300 եվրո կվճարվի անհիմն կալանք կիրառելու համար

Կառավարության մարտի 30-ի նիստի օրակարագային հարցերցի մեկը վերաբերում է արդարադատության նախարարությանը պետական բյուջեից գումար հատկացնելուն:

Նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծում նշվում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 629/11 գանգատ) 2016 թվականի հոկտեմբերի 20-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 2300 (երկու հազար երեք հարյուր) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար»:

Վճռից տեղեկանում ենք, որ ՄԻԵԴ-ը 2016-ի հոկտեմբերի 20-ի վճռով ճանաչել է Արա Հարությունյանի Եվրակոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված իրավունքի ոտնահարումը. նա կալանավորվել է, սակայն կալանավորման համար հիմնավոր եւ բավարար հիմքեր չեն եղել:

ՄԻԵդ-ը վճռել է «…պատասխանող Պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռը վերջնական դառնալու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով. i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, ii) ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 300 եվրո (երեք հարյուր եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ»:

Գործի փաստերից հայտնի է դառնում, որ դանակահարության մեջ մեղադրվող Արա Հարությունյանի հանդեպ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել