Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մասնակի բավարարել է Ոստիկանության հայցը՝ ընդդեմ SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի:
Դատարանը պարտավորեցրեց Վիլեն Գայֆեջյանին հրապարակային ներողություն խնդրել Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից հետևյալ բովանդակությամբ. «Ես՝ Վիլեն Գայֆեջյանս, ներողություն եմ խնդրում Հայաստանի հանրապետության ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից SOS-ի տեսանյութերից մեկում վերջիններիս պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություններ կատարելու համար»:
Դատարանը սահմանել է նաև ներողություն խնդրելու ձևաչափը՝ Վիլեն Գայֆեջյանին պարտավորեցնելով ընթերցել վերոնշյալ տեքստը, ընթացքը նկարահանել և այն տեղադրել SOS TV-ի youtube.com-յան էջում, կամ 80 հազարից ավելի դիտում ունեցող լրատվական որևէ կայքում:
Ոստիկաններ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի՝ յուրաքանչյուրին 1 միլիոն դրամ փոխհատուցում տրամադրելու պահանջը դատարանը մերժեց։
Նշենք նաև, որ Վիլեն Գայֆեջյանն հայտնել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ վճիռը բողոքարկելու է: