ՓՊ խորհուրդը պատրաստվում է արտոնագրից զրկել փաստաբանին, իսկ փաստաբանը՝ դատարան դիմել

Առաջիկայում ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստին կքննարկվի փաստաբան Արմեն Սողոմոնյանին արտոնագրից զրկելու հարցը։ Այդ մասին փաստող ծանուցումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը Արմեն Սողոմոնյանի արտոնագրի դադարեցման հարցը պետք է որոշի մարտի 20-ին:

Ինչո՞ւ է խորհուրդը փորձում փաստաբանին զրկել արտոնագրից՝ հարցին ՓՊ մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը պատասխանեց, որ դրա համար հիմք է հանդիսացել «Հրապարակ» օրաթերթի կայքում հունվարի 15-ին զետեղված հոդվածը, որի մեջ խոսվել է երեք փաստաբանների մասին, ովքեր ունեցել են դատվածություն, այդ թվում Արմեն Սողոմոնյանի․ «Նրան առնչվող մասով հոդվածում նշվել է՝ «Մեզ տեղեկություններ են հասել մի քանի փաստաբանների մասին, որոնք ունեն դատվածություն: Օրինակ՝ Արմեն Սողոմոնյանը՝ մի երիտասարդ կնոջ մահ պատճառելու համար։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են այս մարդիկ արտոնագիր ստացել։ Արդյո՞ք արտոնագրեր ստանալիս պահպանվել են օրենքների պահանջները»,- հրապարակումից մեջբերում արեց մամուլի քարտուղարը։

Այս առնչությամբ ՓՊ-ն գրություն է ուղարկել փաստաբանին, որում նախ արձանագրվել է, որ փաստաբանը նախկինում «ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով (անզգույշ սպանություն) և դատապարտվել ազատազրկման», բացի այդ, գրության մեջ նաև հղում է կատարվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքին և արձանագրվել, որ դատվածության վերաբերյալ տեղեկությունը փաստաբանի արտոնագիր ստանալու համար խոչընդոտող հիմք չէր կարող հանդիսանալ։

Սակայն խնդիր է եղել աշխատանքային ստաժի մասով, փաստաբանին ուղղված գրության մեջ ասվում է․

«2007թ. գործող «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որը՝

1) ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան և իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

2) հանձնել է որակավորման քննություն և ստացել համապատասխան վկայագիր:

Ծովինար Խաչատրյան, ՓՊ մամուլի քարտուղար

Ինչպես տեսնում ենք, փաստաբանի արտոնագիր ստանալու համար անձը բացի բարձրագույն իրավաբանական կրթությունից պետք է ունենա նաև իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ։

Ձեր անձնական գործում գտնվող «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 27.04.2007թ. N2-44 տեղեկանքի համաձայն՝ 2000 թվականից աշխատում եք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ որպես իրավաբան, հասարակական հիմունքներով։

Հետագայում, ներկայացրել եք 06.08.2007թ. N 2-45 տեղեկանքը (որը Իրավունք պաշտոնաթերթի ձևաթղթի վրա է), որով «ի լրումն 2-44 2007թ. տեղեկանքի հայտնում ենք, որ Արմեն Թաթուլի Սողոմոնյանը 2000-2002. Աշխատել է ՍԻՄ մարդու իրավունքների հանձնաժողովում որպես իրավաբան, իսկ 2002թ. դուրս է եկել և մինչև օրս աջակցում է ՍԻՄ կազմակերպությանը հասարակական հիմունքներով իրավախորհրդատվության, իրավական աջակցության և այլ հարցերով»։

Հարցման արդյունքում ստացված «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության փոխնախագահի 23.01.2017թ. գրության համաձայն «Արմեն Սողոմոնյանը 2000թ-ից հանդիսանում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության անդամ, 2000-2007թթ. գործունեություն է ծավալել ՍԻՄ կուսակցության Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում՝ հասարակական հիմունքներով։..»։

Նման պայմաններում, ՀՀ փաստաբանների պալատին հայտնի է դարձել, որ դուք 2007թ. դրությամբ իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ չեք ունեցել»:

Հենց այս հանգամանքն էլ հիմք է հանդիսացել, որ փաստաբանի արտոնագրի դադարեցման հարցը քննարկվի։

Փաստաբան Արմեն Սողոմոնյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը երկու տարվա ստաժ ունեցել է․«Կուսակցությունն իրենց ուղարկել է հետևյալ պարզաբանումը, որ արխիվային փաստաթղթերը չեն պահպանվել, ուստի չեն կարող տրամադրել մանրամասն պայմանագիրն ու այլն, իսկ ինչ վերաբերում է 2007թ․ ներկայաված տեղեկանքին, դա իրական է, իսկ անձը աշխատել է։ Բացի այդ ինձ մոտ պահպանվել է 2007թ․ որակավորման հանձնաժողովի կողմից տրամադրված փաստաթուղթը, որ հանձնաժողովի կողմից իմ փաստաթղթերը ստուգվել են ու ինձ իրավունք է վերապահվել փաստաբանի որակավորման քննություններին մասնակցելու, դա փաստ է»,- հայտնեց փաստաբանը։

Նա նաև շեշտեց, որ իր ներկայացուցիչներն այսօր կդիմեն դատարան՝ վիճարկելու խորհրդի գործունեության օրինականությունը։

Գ․Թ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել