Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը այնքան էլ «հրապարակային» չի եղել

Նշանակման կարգը չէ, որ պետք է պայմանավորի տվյալ մարմնի անկախությունը, այլ այն գործառույթների շրջանակը և անկախության այն երաշխիքները, որոնք կսահմանվեն օրենքով: Խոսելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից՝ ասաց ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս ԵԽ և ԵՄ միության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ազգային փորձագետ Թամարա Շաքարյանը:

Նշնեք, որ e-draft.am օրենքների նախագծերի հանրային հարթակի միջոցով հանրային քննարկման էր դրվել «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի հանձնաժողովի անդամները նշանակվելու են Հանրապետության Նախագահի կողմից, սակայն Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, սահմանադրական դատարանի նախագահի, վճռաբեկ դատարանի նախագահի, գլխավոր դատախազի ներկայացմամբ` յուրաքանչյուրը մեկական անդամ սկզբունքով:

«Համեմատական կարգով նշեմ, որ Հանրապետության Նախագահի կողմից են նշանակվում նաև դատավորները, բայց չենք կարող նշանակման կարգը դատավորների անկախությունը չերաշխավորող պայման համարել, երբ դատավորների անկախությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: Օրինակ, նշված օրենքի նախագծի 12-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի և անկախ է իրեն առաջադրած և նշանակած պաշտոնատար անձանցից։ Իսկ օրենքի նախագծով սահմանված այդ մարմնին վերապահված գործառույթների ուսումնասիրությունը ինձ թույլ է տալիս նշելու, որ այս մարմինը կարող է արդյունավետ և անկախ գործել, քանի որ օրենքի նախագծով սահմանված են դրա համար անհրաժեշտ բոլոր երաշխիքները, ինչպես նաև իրենց գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր: Այս նախագծին կից ներկայացված նախագծերի փաթեթում վարչական պատասխանատվություն է սահմանված Հանձնաժողովի անդամի գործունեությանը խոչընդոտելու, Հանձնաժողովին անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկություններ չտրամադրելու համար»:

Ըստ մասնագետի՝ նշանակման սահմանված կարգը իրավաչափ է, քանի որ այս պահին իրավական այլ լուծում չէր կարող տրվել. «Մասնավորապես, 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 122-րդ հոդվածով սահմանված է, որ օրենքով կարող են ստեղծվել ինքնավար մարմիններ են: Կարծում եմ, այս Հանձնաժողովը ևս հանդիսանալու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սակայն, 2015 թ. փոփոխություններով Սահմանադրության 122-րդ հոդվածը Սահմանադրության 209-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ուժի մեջ է մտնելու նորընտիր Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, մինչ այդ գործելու է 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները:

Իսկ 2005 թ. փոփոխություններով Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:  Հետևաբար, նշանակման այլ կառուցակարգ այս պահին չէր կարող սահմանվել, չնայած սա կարող է միջանկյալ իրավական լուծում լինել, և հետագայում, երբ ուժի մեջ մտնի 122-րդ հոդվածը նշված ընթացակարգը համապատասխան փոփոխությունների կենթարկվի»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեությունը այնքան էլ «հրապարակային» չի եղել, և թերևս դա է պատճառը, որ հասարակության կողմից միանշանակ գնահատական չի կարող տրվել այդ մարմնի գործունեությանը. «Սակայն, վստահ եմ, և լավատեղյակ, որ բավականին աշխատանք է կատարվել ու կատարվում այս մարմի ստեղծման իսկ օրից, որն ուղղակի չի հրապարակայնացվում: Կարծում եմ, նախագծով ամրագրված Հանձնաժողովի գործունեոթւյան հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ դրույթը, առ այն, որ Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, Հանձնաժողովի հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի կայքէջում և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, առավելապես կապահովի այս Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ արդեն իրավաչափ գնահատականների հնչեցմանը»,- կարծիք հայտնեց փորձագետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել