Փետրվարի 16-ին կառավարության նիստին գործադիրի անդամներին ներկայացվելու է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ի լուծարման հարցը: Նածագծի որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Վայոցձորառսպաս» ՓԲԸ 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի թիվ 474-Ն որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հանձնում-ընդունումը իրականացվել է 17.06.2010թ-ին:
Ընկերության իրավաբանական հասցեն է ք. Եղեգնաձոր, Պ. Սևակի 9: Հիմնական գործունեության ոլորտն է եղել բնակչության կենցաղային սպասարկումը:
«Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող ք. Եղեգնաձոր, Պ. Սևակի 9 հասցեում գտնվող հասարակական նշանակության կենցաղի տանը, որի տարածքները նախկինում որպես գույքի առանձին տարրեր՝ «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով սեփականաշնորհվել են:
Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման է ներկայացվել մեկ անգամ աճուրդով` ՀՀ կառավարության 25.07.2013թ. թիվ 793-Ա որոշմամբ: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:
2014թ.-ին ընկերության տարածքները ներկայացվել են աճուրդով վաճառքի, որոնք նույնպես չեն կայացել: 2015թ.-ին սահմանված կարգով շենքի 3-րդ հարկի 45.13 քառ.մ տարածքն օտարվել է:
Ընկերությունը սկսած 2005թ-ից գործունեություն չի ծավալում, ունի մեկ աշխատող՝ տնօրեն:
Ընկերության ակտիվները 01.10.2016թ. դրությամբ իրենից ներկայացնում են
Անշարժ գույք
- ենթակայան՝ 44,1 ք/մ, հողամասի չափը՝ 0.00627 հա՝ սեփականություն,
- կենցաղի տան հատված՝ 78 ք/մ, հողամասի չափը՝ 0.06438 հա՝ ընդհանուր բաժնային սեփականություն:
Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով 2 004.9 հազ. դրամ:
Կարճաժամկետ դեբիտորական պարտքեր բյուջեի գծով 27.0 հազ. դրամ:
Ընկերության պարտավորությունները 01.10.2016թ. դրությամբ կազմում են 2 395 հազ. դրամ, որից
- կրեդիտորական պարտքեր բյուջեին 1 025.4 հազ.դրամ:
- կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով 1 369. 7 հազ.դրամ:
Ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման կամ գույքի տնօրինման (օգտագործման) վերաբերյալ առաջարկներ ստանալու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից բազմիցս էլեկտրոնային կայքում տեղադրվել է հայտարարություն, սակայն հնարավոր ներդրողների կողմից առաջարկ չի ներկայացվել:
Հաշվի առնելով վերոնշյալը առաջարկվում է «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն ներկայացնել լուծարման: