Պարզեցվել է անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ընթացակարգերի ավտոմատացման և դյուրինացման նպատակով փետրվարի 13-ից գործարկել է մաքսային մուտքի անդորրագրի համակարգը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակներում ներդրված համակարգը թույլ կտա ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծումը հաշվառելու և անհրաժեշտության դեպքում առաջացած պարտավորությունները վճարելու համար նախկինում կիրառվող ապրանքի հայտարարագրի ներկայացման փոխարեն կիրառել ավելի պարզ մեխանիզմ։ Այսուհետ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել ուղևորային հայտարարագիր, որի հիման վրա մաքսային աշխատակիցը կհաշվառի և կհայտնի մաքսային վճարների առկայության ու չափի մասին։

«Ընթացակարգերը պարզեցվել են ավելի քան 5 անգամ. եթե նախկինում ֆիզիկական անձը պարտավոր էր 54 դաշտից բաղկացած բեռնամաքսային հայտարարագիր լրացնել, որը նախատեսված է խոշոր բիզնեսի համար, ապա այսուհետ՝ ընդամենը 11 դաշտից բաղկացած մուտքի անդորրագիր: Այսինքն՝ ֆիզանձը տարանջատվել է կազմակերպությունից»,-նշել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:

Մաքսային ձևակերպումների նկատելի պարզեցումը հանգեցնում է նաև ժամանակի ու միջոցների տնտեսմանը:

«Եթե նախկինում ապրանքների հայտարարագիր ներկայացնելիս քաղաքացիները հաճախ ստիպված էին լինում դիմել մաքսային միջնորդներին և վճարել մատուցվող ծառայությունների դիմաց, ապա այժմ այդ գործընթացն իրականացնելու է մաքսային մարմինն՝ առանց լրացուցիչ վճար գանձելու: Մաքսային տեսուչները նախապես ծանոթացել են ծրագրին դասընթացի միջոցով»,-նկատել է «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Անդրանիկ Զաքարյանը:

Նոր համակարգի միջոցով է իրականացվում նաև Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծվող և վերաարտահանվող մարդատար տրանսպորտային միջոցների հաշվառումը։ Պարզեցված մեխանիզմի կիրառման շնորհիվ ժամանակ խնայելուց բացի դուրս է եկել տրանսպորտային միջոցի վերաարտահանման ժամանակ նոր փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, փոխարենը ներմուծման փաստաթղթում նշում է կատարվում տրանսպորտային միջոցի՝ ՀՀ մաքսային սահմաններից դուրս գալու վերաբերյալ։ Արդյունքում արագ սահմանահատում կապահովվի սահմանային անցումային կետում:

ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի դիտարկմամբ, կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումների շրջանակում կոմիտեն շարունակելու է կատարելագործել հարկային և մաքսային գործընթացները՝ հիմքում դնելով թափանցիկությունը, դյուրինությունն ու ժամանակի տնտեսումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել