Փաստաբանների պալատի հիմնական նպատակը պետք է լինի իր անդամներին բոլոր գործուն միջոցներով սատարելը. Լուսինե Սահակյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 39 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Լուսինե Սահակյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու առաջադրվելուց հետո, ես տասը գործընկերներիս հետ հանդես ենք եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ներկայացրել ենք մեր պատկերացումները, թե առաջնահերթ որ խնդիրների լուծմանն է ուղղված լինելու մեր գործունեությունը խորհրդում:

Այդուհանդերձ նշեմ, որ, իմ պատկերացմամբ, փաստաբանների պալատի խորհրդի հիմնական խնդիրը այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ հնարավոր կլինի գործել անկախ, անկաշկանդ, սկզբունքային: Փաստաբանների պալատի հիմնական նպատակը պետք է լինի իր անդամներին բոլոր գործուն միջոցներով սատարելը: Պալատի խորհրդի անդամը պետք է գիտակցի, որ իրեն փաստաբանները ընտրել են իրենց կողքին գտնվելու, իրենց պաշտպանելու, իրենց սատարելու, ամեն կերպ աջակցելու, այլ ոչ թե որպես պատժիչ մարմին գործելու: Երիտասարդ փաստաբաններին պետք է ակնառու լինի, որ պալատը այն վայրն է, որտեղ նրանք միշտ կստանան աջակցություն: Բոլորս պետք է հիշենք, որ մի օր էլ մենք ենք սկսել և ունեցել ենք լուրջ խնդիրներ: Փաստաբանը պետք է իմանա, որ կան դժվարություններ, բայց չկան չլուծվող խնդիրներ և այդ ճանապարհին իրենց հետ է լինելու պալատը և իր կողմից ընտրված խորհուրդը:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Ցանկացած ֆինանսական չարաշահման միակ լուծումը դրա բացահայտումն է և մեղավոր անձանց պատասխանատվությունը: Դա է եղել պատճառը, որ Ռուբեն Սահակյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, որն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը: Ցավում եմ, որ այս ամենը ենթատեքստերով, զուտ անձնական շահերից դրդված կապվում է մի մարդու անվան հետ, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է փաստաբանության կայացմանը, ով իր անձնական, այդ թվում նաև լուրջ ֆինանսական միջոցներն է ներդրել, որպեսզի մենք այսօր ունենանք նման շենք, նման կառույց:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Որպեսզի պարզ լինի, թե պալատի ֆինանսական միջոցներն արդյոք արդյունավետ են ծախսվում, թե ո,չ փաստաբանը նախ պետք է հնարավորություն ունենա ծանոթանալ այդ ծախսերին: Վերջին գրեթե չորս տարիներին նույնիսկ խորհրդի անդամները , չնայած բազմաթիվ պահանջներին, հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ այդ ծախսերին: Ավելին 2015 թվականից սկսած Խորհրդի նիստերի վարման ներքին ընթացակարգ ընդունվեց, որով սահմանվեց, որ ֆինանսական բնույթի բոլոր հարցերի քննարկումները կատարվում են դռնփակ նիստերում: Այսինքն, փաստաբանը, ում կողմից վճարած անդամավճարով է գոյատևում պալատը, ոչ անձամբ, ոչ իր կողմից ընտրված ներկայացուցչի միջոցով որևէ հնարավորություն չունի պարզելու, թե իր կողմից վճարված անդամավճարը ինչ ուղղություններով է ծախսվում: Սա անթույլատրելի է: Առնվազն պալատի աշխատակազմի ուռճացված հաատիքացուցակը հիմք է տալիս պնդելու, որ այդ ծախսերը մեղմ ասած արդյունավետ չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել