Փաստաբանն իր գործունեությունից դուրս ՀՀ քաղաքացի է և պատասխանատվության պետք է ենթարկվի սովորական ընթացակարգով. Գևորգ Դավթյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղերի համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Մեր հարցերին պատասխանել է ՀՀ ՓՊ խորհրդի անդամների ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած փաստաբան Գևորգ Դավթյանը:

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել: 

-Ծրագիրս հիմնականակում հիմնված է հետևյալ սկզբունքերի վրա՝ խորհրդի անդամի անկախություն, կազմակերպչական առումով բարձր պատրաստվածություն և փաստաբանական գործունեության իրավահարաբերություններում առկա խնդիրների վերաբերյալ իրազեկվածություն և այն բարձրացնելու պատրաստակամություն։  Իմ կարծիքով այդ սկզբունքերը նվազագույն շեմն են, որոնցով պետք է առաջնորդվի խորհրդի անդամն իր գործունեության ողջ ընթացքում, ինչն էլ հնարավորություն կտա առավել քան լինել անկախ, անաչառ և պատասխանատու։

Թե կոնկրետ ինչ հիմնական ուղղությունների իրականացման մասին է, ապա դրանք առօրյա գործունեությամբ պայմանավորված` կարող են ավելանալ և պակասել: Ես պատկերացնում են այնպես, որ փաստաբանների պալատի խորհուրդը իր գործունեությամբ չպետք է փորձի ներխուժել արդարադատություն իրականացնելու ոլորտ, քանզի նման լիազորություն տրված է դատարանին:

Կարծում եմ, որ կարգապահապական պատասխանատվության հարցը կարող է առաջանալ միայն փաստաբանական գործունեության ընթացքում դրսևորած վարքագծի համար: Դրանից դուրս ցանկացած փաստաբանի վարքագիծ չպետք է գնահատանքի արժանանա խորհրդում, քանզի այն արդեն ենթադրում է արդարադատության իրականացում:

Փաստաբանը փաստաբանական գործունեությունից դուրս ՀՀ քաղաքացի է և պատասխանատվության պետք է ենթարկվի սովորական ընթացակարգով, այնպես, ինչպես բոլորը: Այլ հարց է, երբ մենք այս կամ այն փաստաբանի նկատմամբ ունենում ենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի շրջանակներում արդեն իսկ հաստատված փաստերով քննարկման առարկա ենք դարձնում վարքը: Դա բնավ կրկնակի պատասխանատվություն չէ, քանզի դատական ակտով  հաշվի չի առնվում քաղաքացու փաստաբան լինելու հանգամանքը:

Կարծում եմ, որ ներկայումս լինում են դեպքեր, երբ օրինակ փաստաբանին կարգապահական պատասխանատվության են ենթարկում մի արարքի համար, որը կապված չէ փաստաբանական գործունեության հետ, սակայն այն իրենից ենթադրում է վիրավորանք և զրպարտություն, որի համար կա քաղաքացիաիրավական պատասխանատվություն: Ընդունում եմ այն սկզբունքը, որ փաստաբանը հասարակության մեջ պետք է ավելի կոռեկտ և զգոն լինի, սակայն կարծում եմ` դա պետք է քննարկման առարկա դառնա միայն արդարադատություն իրականացնող մարմնի կողմից որոշակի արարքին հակաիրավական գանահատական տալուց հետո:

Օրինակ տեսեք, փաստաբանության մասին ՀՀ օրենքի 33-րդ և 36-րդ հոդվածներով պայմանավորված անձը չի կարող լինել փաստաբան կամ դադարեցվում է արտոնագրի գործողությունը, եթե 1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 2) դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

Ակհայտ է, որ դատարանի կողմից կայացված դատական ակտով նման պատասխանատվություն չկա, սակայն փաստաբանի համար մեր օրենքով կա: Մենք պետք է ընդունենք, որ փաստաբանը հասարակության մեջ չպետք է կատարի մի այնպիսի արարք, որն ազդի փաստաբանության հեղինակության վրա, սակայն եթե մենք չունենք դատական ակտ, ապա մենք իրավասու չենք որևէ գնահատական տալ փաստաբանական գործունեությունից դուրս իրականացված գործունեության համար, այնպես ինչպես չենք կարող պատասխանատվության կանչել շատ ալկոհոլ օգտագործող, այլ անձանց հասցեներին վիրավորանքներ հնչեցնող, հասարակական կարգը խախտող փաստաբաններին և այլն: ՀՀ սահմանադրությունն հստակ ամրագրում է արդարադատություն իրականացնող մարմնին,  նրա գործառույթները և պատասխանատվությունը:

Ինչու եմ ես նման կերպ մտածում, քանզի կարծում եմ` անգամ ենթադրյալ փաստաբանության հեղինակության վրա ազդող արարքին գնահատական տալու դեպքում, մենք ակամայից ներխուժում են արդարադատության ոլորտ և դատարաններին նման տալիս իրավական գնահատանք, ինչը, կարծում եմ` հիմնավոր չէ:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված: 

-Այս տեղեկատվությունը ես տիրապետում եմ բացառապես համացանցից և տեղյակ եմ այնքանով, որքանով Դուք: Իրավական գնահատականներ տալու իրավասություն չունեմ, սակայն կարող եմ միայն ասել, որ համամիտ չեմ այն տեսակետի հետ, որ միլիոնների ենթադրյալ հափշտակության հետևանքները պետք է կրի փաստաբանը իր անդամավճարի հաշվին:

Տեսեք, հանդիպել եմ մի շարք տեսակետների, որոնցով ստացվում է, որ եթե չլիներ այդ գումարների կորուստը, ապա կարելի էր մտածել անդամավճարների չափի կրճատման մասին: Այս մոտեցմանը դեմ եմ, հակառակ պարագայում փաստաբանը ոչ իր մեղքով պատասխանատվություն է կրում իր կողմից վճարված գումարների անհետացման համար: Երկու լուծում եմ տեսնում, մեկն այն է, որ կորցված գումարները վերականգնելուց հետո դրանք հավասարապես պետք է վերադարձվի փաստաբաններին, քանզի այդ կորուստները մինչև հիմա փաստաբանների հաշվին է, երկրորդ`անդամավճարներով գոյացված ցանկացած գումարի կորուստը չպետք է կապի մեջ դրվի անդամավճարի չափի հետ, հետևաբար պետք է խնայողություններ կատարվեն:

Հարց է առաջանում, այս դեպքում, երբ փաստաբանների պալատը փաստացի կրել է այդ կորուստը և ֆինանսավորման այլ աղբյուր չունի, ապա ում հաշվին այն պետք է լրացվի մինչև վերականգնելը: Իմ կարծիքով այստեղ փաստաբանների պալատը պետք է փորձի իր տարեկան բյուջեն կանխատեսելիս առավել խնայող լինի և խուսափի որոշակի վճարներից, փորձի այլ ճանապարհներ գտնելու ֆինանսական բացը լրացնելու համար, ինչը կարծում եմ իրատեսական է և հնարավոր: Ծայրահեղ դեպքում կարող եմ ասել, որ եթե ես վճարում եմ անդամավճար, ապա այս կամ այն կորստի բացը լրացնելու համար նախ և առաջ պետք է վերցնեն իմ համաձայնությունն իմ անդամավճարի հաշվին բացը լրացնելու համար:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Արդյունավետ են ծախսվում թե` ոչ այս պահին դժվարանում եմ պատասխանել, սակայն ես կցանկանայի որ ցանկացած փաստաբան այդ հարցին ինձ նման պատասխան չտար: Կյանքը դասավորված է այնպես, որ պետք է մի բան անես, որ մի բան ստանաս:

Եթե ես անդամավճար եմ վճարում, ապա գիտակցում եմ, որ այն վճարում եմ միայն փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորության համար, սակայն փաստաբանական գործունեություն իրականացնելու հնարավորությունը չի ենթադրում մեխանիկական աշխատանք, արտոնագրի տրամադրում և այլն, այն իր մեջ ներառում է որոշակի աշխատանք, որն իրապես ազդում է փաստաբանական գործունեության բարելավման վրա: Եթե ես գիտակցում եմ, որ իմ և իմ գործընկերների գործունեության շնորհիվ երկրում արդարադատությունն առաջ է շարժվում, ապա ես անգամ չեմ մտածում անդամավճարի չափի մասին, իսկ եթե հակառակն է լինում, կամ արդարադատությունը դոփում է, ապա շատերն են մտածում դրա մասին, անգամ փաստաբանությունը լքելու մասին:

Ակնհայտ է, որ փաստաբանությունն արդարադատության կայացման կարևորագույն խթանն է, ինչի պատճառով մենք այլ ելք չունենք, քան բարձրացնել փաստաբանության դերը, ինչն ուղղակիորեն կնպաստի մեր երկրի զարգացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել