Դա հույս է ներշնչում, որ վերջապես կդադարեն «պատի տակ» բամբասանքներն ու էժանագին շահարկումները. Երվանդ Վարոսյան

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Ինքս միացել եմ մի խումբ թեկնածուների համատեղ հայտարարությանը, որում նախանշված են նաև պալատի բնականոն աշխատանքը ապահովելուն ուղղված առաջնային քայլերը։ Հակիրճ ներկայացնեմ կարևորագույն երեքը` պալատում մեկ անձի միահեծան իշխանության վերացում, լիակատար թափանցիկություն, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՓՊ կողմից ներկայացված նախագծում առկա խիստ վտանգավոր կարգավորումների վերանայում։

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Շատ լավ է, որ, ի վերջո, բարձրացավ աղմուկ, դա հույս է ներշնչում, որ վերջապես կդադարեն «պատի տակ» բամբասանքներն ու էժանագին շահարկումները։ Իսկ ամենակարևորը՝ բոլոր մեղավորները պետք է ստանան արժանի պատիժ։

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

-Հարցին խորապես անդրադառնալու հնարավորությունից զրկված եմ նաև տեղեկատվության գաղտնիության պատճառով։ Ինչպես հայտնի է, որոշակի տեղեկություններ ստանալու նպատակով ստիպված եմ եղել հայցեր ներկայացնել ՓՊ-ի դեմ։ Առկա վիճակով իբրև ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ ծախս կարող եմ առանձնացնել ՓՊ` անհարկի ուռճացված հաստիքացուցակը, բազմաքանակ պաշտոնների առկայությունը։ Ուռճացված լինելու պարզ վկայությունը կարող է լինել ՓՊ-ում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից միաժամանակ նաև ակտիվ փաստաբանական գործունեությամբ, այդ թվում դատական ներկակացուցչությամբ զբաղվելը։

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել