Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ հարցազրույցը.
Գալով ձեր այն հարցին թե որո՞նք են այն երեք հիմնական ուղղությունները, ըստ որի՝ ընտրվելու դեպքում ես պատրաստվում եմ կյանքի կոչել, ապա ասեմ, որ դա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ովքեր կընտրվեն որպես խորհրդի անդամներ: Ինչպես գիտեք խորհրդում որոշումներն ընդունվում են մեծամասնության կողմից: Ամեն դեպքում ես իմ առջև առաջնահերթ խնդիր եմ դրել փոխել կարգապահական գործերով իրականացվող ներկա քաղաքականությունը:
Այս առումով գտնում եմ, որ փաստաբանը պետք է գործի լիակատար ազատության պայմաններում և ՓՊ-ը պետք է միջամտի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կիրառելով կարգապահական պատասխանատվության գործիքները: Նշված խնդրի լուծման համար կփորձեմ նիստերի ընթացքում իմ փաստարկված դիրքորոշումը արտահայտել, իսկ եթե զգամ, որ գործում է թիմային գործելաոճը, ապա հատուկ կարծիքներով իմ անհամաձայնությունը կարտահայտեմ, հնարավորություն տալով կարգապահական կողմերին օգտագործելու դրանք: Մյուս երկու խնդիրները տեսնում եմ ՓՊ մարմինների միջև հակակշիռների և զսպումների մեխանիզմի գործուն կիրառության մեջ, ինչպես նաև ՓՊ խորհրդի նիստերի ձեռնհասության մեջ, երբ անաչառ դիտորդի կողմից այն կընկալվի որպես պրոֆեսիոնալների հավաքատեղի, այլ ոչ թե անձնական շահերով լցված անձանց բախումների վայր:
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Այս հարցին պատասխանելու համար նախ և առաջ պետք է որոշակի ուսումնասիրություն կատարվի հասկանալու համար, թե ՓՊ-ում ֆինանսական միջոցները արդյունավետ են ծախսվում թե՝ ոչ: Այս ողջ ժամանակահատվածում տարբեր ստվերային անձանց կողմից բարձրաձայնվել է, որ ՓՊ միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, սակայն այդ անձինք որևէ գործնական քայլ չեն արել փաստաբանական համայնքին բացահայտ և փաստարկված ներկայացնելու իրենց դիրքորոշումը:
Միաժամանակ ՓՊ-ն էլ արդյունավետ գործնական քայլ չի կատարել պարզ և մատչելի փաստաբաններին ցույց տալու, որ ՓՊ միջոցները կառավարվում են արդյունավետ: Այս հարցի լուծումը ես տեսնում եմ թափանցիկության մեջ, մասնավորապես ՓՊ կողմից կատարվող բոլոր ծախսերը պետք է տեսանելի լինեն բոլոր փաստաբաններին: Ինչպես գիտեք ներկայումս փաստաբանների համար փակ է ֆինանսական հարցերով խորհրդի նիստերի քննարկումը և դրա վերաբերյալ փաստաթղթերը: Մասնավորապես` պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները՝ ՀՀ օրենսդրության երաշխիքների պահպանմամբ: